2019թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 232 հոդված, որոնցից 126-ը եղել է բացասական, 26-ը՝ դրական, 80-ը՝ չեզոք։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հրապարակումները հիմնականում բացասական են։ Դրանք կապված են նախկին քաղաքական գործընթացների հետ, որոնք կապվում են ներկայի հետ։
Օրերս բողոքի ակցիա է տեղի ունեցել Հովհաննես Սուքիասյանի սպանության հետևանքով դատապարտված Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ։ Հովհաննես Սուքիասյանի որդին անընդունելի է համարել այս որոշումը և իր խոսքում նշել է. «Ակամայից հիշում ես մեծ Նժդեհի խոսքը, որ՝ մեր դժբախտությունը այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ որ կան թուրքանման հայեր: Հիմա սրանք են՝ Վանոյի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»։
Քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը շարունակելու մեջ։ Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն իր խոսքում նշել է. «Նիկոլ Փաշինյանը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով: Արցախի հարցը մնալու է նրա կոկորդում»:
Ըստ լրատվական հրապարակումների, 1995-1997 թվականներին Հայաստանում ձերբակալություններ են եղել, որոնք, ըստ լրատվականի բնորոշման, պատանդառության օրինակներ են. «Վենդետա» բառը Հայաստանում առօրեական դարձրած Փաշինյանն, ինչպես երևում է, լավ ուսումնասիրել է մաֆիայի ձեռագիրը և կիրառում է մարդու վրա ճնշումներ գործադրելու նենգ հնարքները։ Չնայած, ինչու ենք հեռու գնում․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք պատանդառության ինստիտուտն արդեն լայնորեն կիրառվել էր 1995-1997թթ․ «Վահան Հովհաննիսյան + 30» քրեա-քաղաքական գործում (Ազգային գրադարանում կան դատավարությունը լուսաբանող բազմաթիվ հրապարակումներ)։ Շա՜տ ուշիմ աշակերտ է Նիկոլը, հատկապես սատանայական խարդավանքներում»։
ՀՅԴ-ական Գասպար Կարապետյանը նույնպես անդրադարձել է ՀՅԴ-ականների տարիներ առաջվա ձերբակալություններին և քննադատաբար է մոտեցել Լևոն Տեր-Պետրոսյանին. «Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բանտերը լցրել էր իմ կուսակցական ընկերներով, Հունաստանում դեսպան, շատ պարկեշտ մարդ Արման Կիրակոսյանը զանգեց, ասաց՝ կարո՞ղ ես կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումները: Կարող էի ասել՝ նախագահիդ կանչիր, թող քեզ դասավորեդասավորել, բայց չարի. նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար կազմակերպեցինք, որպեսզի մեր պետությանը օգնենք»։
Վիտալի Բալասանյանը քննադատել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Պրն. Բալասանյանի հայտարարությունից հետո, տարբեր լրատվականներ և փորձագետներ էլ իրենց հերթին սատար կանգնեցին առաջին նախագահին, որը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կողմից նույնպես գնահատվել է դրական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը