Top-news.am-ը գրում է․ «Մի իշխանություն, որը եկել էր երկրում փոփոխությունների հիմքերը դնելու եւ հեռանալու համար, մի իշխանություն, որը եկել էր Սահմանադրությունը փոխելու եւ գերվարչապետական համակարգը վերացնելու, նոր ընտրական օրենսգիրք ընդունելու, մեզ ռեյտինգային համակարգից ազատելու համար, մի իշխանություն, որը պետք է ընտրացուցակները կարգի բերեր եւ կուսակցությունների մասին օրենք մշակեր, այսօր կառչել է աթոռներից եւ հեռանալու մասին լսել չի ուզում, երբ ձախողել է բոլոր ոլորտները։
Մեկ տարին լիովին բավական էր այս ամենն իրականացնելու համար, բայց դրա փոխարեն կեսմիլիոնանոց ուղեւորություն ԱՄՆ, որից մեր երկիրը ոչինչ չշահեց, երկու միլիոն դոլար՝ կառավարական ամառանոցը վերանորոգելու համար, մեկ միլիոն դոլար զրահապատ երկու մեքենա գնելու համար, ծածուկ եւ գաղտնագողի պայմաններում նախարարների աշխատավարձերի բարձրացում, երբ երիտասարդները սուպերմարկետներում լումաներ են ստանում, առաքիչները կոպեկներ, իսկ շինարարները մի կերպ օրվա հացը։
Տնտեսական ոլորտում ոչ մի էական հաջողություն, ընդհակառակը՝ ձախողումներ։ Չե՞ք հավատում՝ հարցրեք բարձրակարգ տնտեսագետներին։ Մրցակցային դաշտում ոչ մի փոփոխություն։ Կրկին արտոնյալներ, կրկին հովանավորչություն։
Այս ամենի անգամ տասը տոկոսը բավարար է, որ կառավարությունը խոհեմաբար հեռանա։ Հեռանա հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ Մեր երկիրն այնքան ռեսուրս չունի, որ շարունակի հետեւել հերթական ձախողումներին։ Ի դեպ, դեռ արտաքին քաղաքականությունում արձանագրվող ձախողումներին չեն անդրադառնում, դեռ քաղբանտարկյալների մասին չենք խոսում։
Թերացե՞լ եք, ձախողվե՞լ եք, ապա ո՞ւմ եք սպասում։ Հեռացեք, քանի դեռ շատ ուշ չէ։ Որեւէ տեղ գրված չէ, որ ով գա իշխանության պետք է կառչի աթոռներից, կառավարական ամառանոցը համարի պապական տուն, իսկ նստավայրը՝ հոր ժառանգություն։
1990 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայի նման երկիրը վեց ղեկավար է փոխել, Ճապոնիան՝ 44, իսկ Իտալիան 17 անգամ։ Փոփոխությունները եղել են հանուն երկրի, հանուն պետության։ Եղել են բազմաթիվ արտահերթ ընտրություններ անգամ, մեզ համար, չնչին, ոչ էական պատճառներով։ Հիմա դուք ձախողվել եք բոլոր ոլորտներում, որեւէ խոստում չեք կատարել, ընդհակառակը, ավելացրել եք խնդիրներ, երկրում վերականգնել 1937-ականների շունչը։
Հեռանալու, ճամպրուկները հավաքելու ճիշտ ժամանակն է։ Ի դեպ, մեզնից լավ գիտեք ձեր իրական վարկանիշը։ Այն բավական բարձր է, եւ եթե արտահերթ ընտրությունները կայանան հիմա, ապա դեռ կարող եք 15-20 տոկոս հավաքել։ Կես տարի հետո այդ թիվը տասն անգամ պակաս է լինելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը