24 10 2019

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հայաստանի համար այս կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը էական նշանակություն ունի. հեղափոխությունից հետո ԵՄ-ն մեր ժողովրդավարական օրակարգի կարեւորագույն գործընկերներից է, եւ Ձեր նշանակումը մենք դիտարկում ենք Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա սերտացման համատեքստում: Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը եւ պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»:

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի մասին՝ վարչապետն անդրադարձել է դատաիրավական ոլորտին, ընտրական համակարգին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաեւ տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին:

«Մեծ պատիվ է նշանակվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնում եւ հնարավորություն ունենալ նպաստ բերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը: ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության եւ մեր ընդհանուր արժեքների վրա», – իր խոսքում նշել է Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել

Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաեւ հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Նիկոլ Փաշինյանը եւ Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արեւելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, տարբեր՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կանաչ տնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների մեկնարկին ուղղված քայլերի կարեւորությունը:

Զրուցակիցները կարեւորել են ԵՄ կառույցների նոր ղեկավարության հետ ծանոթանալը եւ այդ համատեքստում առաջիկա փոխադարձ այցելությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարեւորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեսպան Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունը սատարում է հակամարտության բանակցային գործընթացին եւ աջակցում է խաղաղ կարգավորմանը միտված երկխոսության մթնոլորտի ձեւավորմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ