Tert.am-ը գրում է․ «Մենք ունենք զգալիորեն հիասթափված հասարակություն, մի քաղաքական դաշտ, որը չի կարողանում հասկանալ՝ ինչով է զբաղվում իշխանությունը, և տարբեր ձգողականության ընդդիմադիր կենտրոններ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ նրա՝ այսօր արտախորհրդարանական ընդդիմությունը շատ ավելի խիստ ու կատեգորիկ է քննադատում իշխանություններին, քան ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն. «Մենք պետք է հասկանանք, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում ավանդական կանոնները չեն գործում: Մի կողմից ունենք անձնիշխանություն, մյուս կողմից ասում ենք՝ իսկ ո՞ւր են դասական կուսակցությունները: Այսօր առկա է մեկ մարդու իշխանություն և առանձին անհատների շատ լուրջ ընդդիմություն»:
Սողոմոնյանի պնդմամբ՝ պետք չէ սպասել, թե շուտով խելագարված ամբոխները դուրս են գալու փողոց և գոռան «կոնսենսուս մինուս մեկ», քանի որ սա քաղաքական գործընթաց է:
Ըստ նրա՝ ժամանակի հարց է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Քոչարյանին ճանաչեն քաղբանտարկյալ. «ԵԽԽՎ-ն ունի հայտնի բանաձև, որի հինգ պայմանների առկայության դեպքում մարդը ճանաչվում է քաղբանտարկյալ: Քոչարյանը համապատասխանում է առնվազն երեքին՝ նա կալանավորված է մի հոդվածով, որը ենթադրյալ հանցանքի կատարման պահին չի գործել, նույն հոդվածով դատապարտված այլ մարդիկ ազատության մեջ են, և նա անարդար դատաքննության արդյունքում է գտնվում բանտում»:
«Առկա են գործադիր իշխանության և կոնկրետ մեկ մարդու բիրտ ճնշումներ դատական իշխանության վրա: Ի պատիվ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի` նրանք ճնշումների չեն ենթարկվել, բայց տեսեք՝ դրանից հետո նրանց նկատմամբ ինչ է սկսվել»,- ասել է Սողոմոնյանը:
Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պնդմամբ՝ ատելության նման մթնոլորտ Հայաստանում երբևէ չի եղել. «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանն արյուն է հեղել, դա բացարձակ սուտ է, անգամ ՀՔԾ-ն է ընդունում, որ նա «Մարտի 1»-ի զոհերի հետ որևէ առնչություն չունի: Կամ էլ՝ ժողովրդին տանկի թրթուրների տակ թողնելու թեզը, երբ մարտի 1-ին Երևանում տանկ չի եղել: Բանակի և ցուցարարների բախումներ մարտի 1-ին տեղի չեն ունեցել»:
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ իշխանությունն ինչ քրեական գործ էլ վերաբացի, այն մեղքերը, որոնք վերագրվում են Ռոբերտ Քոչարյանին, մտացածին են և կեղծիք: «Չկա մի բան, որից Քոչարյանն ու նրա թիմը կարող են անհանգստանալ: Ռոբերտ Քոչարյանն արդեն ընկալվում է որպես Հայաստանի ընդդիմադիր կենտրոններից մեկը: Նրա գործի քաղաքական լինելն այլևս կասկածներ չի հարուցում: Նախագահ Քոչարյանն ապօրինի է կալանավորված»,- եզրափակել է Սողոմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը