Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Սահմանադրական դատարանը հանգամանքների բերումով դառնում է գործադիր իշխանությանը չկցված պետական ինստիտուտ և իրոք վերածվում է սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի։ Համենայնդեպս՝ հիմա կռիվն այդ դաշտում է։
Հենց այդ պատճառով էլ պաշտպանյալը հունից դուրս է գալիս ու հենց ՍԴ–ի անկախությո՛ւնը նա չի ուզում թույլ տալ։
Այսինքն՝ այն եզակի ձեռքբերումներից մեկը, որն ունի ՀՀ քաղաքացին 2018–ի մայիսից հետո, փորձ է արվում զրոյացնել՝ նախորդից է՛լ ավելի գռեհիկ ու այլասերված իշխանական համակարգ սարքելու նպատակով։
ՍԴ–ի ու Հրայր Թովմասյանի պահվածքն իրականում հեղափոխական է, քանզի անկախությունից ի վեր ՍԴ նախագահները, այդ թվում՝ ինքը Թովմասյանը, ենթարկվել են պետության ղեկավարին, իսկ հիմա այդպես չէ, ինչը համապատասխանում է Սահմանադրության տառին և ամենակարևորը՝ ոգուն։
Գործադիր իշխանության քայլերն ընդդեմ ՍԴ–ի ու անձամբ Թովմասյանի ու նրա ընտանիքի, հակաօրինական են, հակահեղափոխական ու ռեակցիոն։
Նիկոլ Փաշինյանն ուզում է վերականգնել նախկին ստատուս քվոն, երբ ՍԴ–ն իշխանության դակիչ համակարգերից մեկն էր։
Ի դեպ, ՍԴ–ի ու դրա նախագահի դեմ հարձակումները հեղափոխության օրերին օդում թևածող արժեքների ու կարգախոսների խեղաթյուրում է։ Սա դավաճանություն է։
Այն կոդերը, որոնք հրամցվում էին կարգախոսների ու ելույթների տեսքով (սեր և հանդուրժողականություն, մերիտոկրատիա, հովանավորչության մերժում, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն), պետք է փրկել հեղափոխականներից՝ կամրջելով հնի ու նորի դրականը և դեն նետելով այն բացասականը, որը թվում էր թե նետվել է հեղափոխության օրերին։
Հայկական թերմիդորն անխուսափելի է։ Ավելին՝ դա միակ տարբերակն է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և մեր երկրի առաջ կանգնած արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը