17 10 2019

Պետական տեռորի մակարդակով ՍԴ նախագահի պաշտոնից ազատման հարցն են լուծում․ Միհրան Պողոսյան

Պետական տեռորի մակարդակով ՍԴ նախագահի պաշտոնից ազատման հարցն են լուծում․ Միհրան Պողոսյան

Tert.am-ը գրում է․

«Փաստաբան Միհրան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին: Նա նշում է, որ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում միմիայն այն հիմքով, որ այլ քրեական գործերով ևս կարող է Հրայր Թովմասյանն իշխանությունների համար ոչ հաճելի որոշում կայացնել: «Եթե համադրում ենք ժամանակագրությունն այս ամենի հետ, մնացած բոլոր տարբերակների ձախողումներից հետո սա կտրուկ և, իմ գնահատմամբ, հանցավոր տարրեր պարունակող գործողություն է իշխանության կողմից՝ մեկուսացնել ՀՀ ՍԴ նախագահին: Ընդ որում, եթե սկզբից խոսքը գնում էր ՍԴ անդամների մի մասի մասին, նաև վարչապետի ելույթից հետո, կոնկրետ ուղղորդումն անձնավորված էր հենց Հրայր Թովմասյանի նկատմամբ»,-ասաց նա:

-Պարո՛ն Պողոսյան, Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով: Բաբաջանյանը հայտարարում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս նոր գործընթացն ընդդեմ Հրայր Թովմասյանի, քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, և ընդհանրապես ի՞նչ արարքի մասին է խոսքը:

-Եթե ընդհանուր ժամանակագրության մեջ նայենք այս ամեն ինչը, այն հոդվածով, ինչով քրեական գործ է հարուցել ՀՔԾ-ն, դա շատ լուրջ քրեական հանցագործություն է համարվում, որը երբևիցե որևէ երկրում, առավել ևս ՀՀ-ում, անթույլատրելի գործողություն է, դրանով պայմանավորած է երկրի հետագա զարգացումը: Բայց տեսեք՝ ինչ կատարվեց ՀՀ-ում, և ընդհանրապես նման բան տեղի է ունեցել, թե ոչ:

Եթե մի քիչ նայենք ժամանակագրությանը, ապա կհասկանան՝ք նպատակն ինչումն է: 2018թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանության փոփոխությունից հետո հասկանալի էր, որ իրավիճակ պետք է փոփոխվի, այդ իրավիճակի փոփոխությունը միանգամից չեղավ, այլ եղավ պարբերաբար: Հիշում ենք նաև, որ 2018թ.-ի ամռանը հուլիսի 5-ին այդ նույն այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով հայտնում էին, որ Հրայր Թովմասյանի փոփոխության խնդիր իշխանությունն այս պահին չի դրել, և որևէ հիմք չկա՝ ՍԴ նախագահի փոփոխության հետ կապված:

Ընթացում զարգացումներն այնպես ձևավորվեցին, մասնավորապես հանրությանը հետաքրքրող մեկ այլ քրեական գործով պայմանավորված, որ տվյալ գործի վրա ազդող որոշումներ կայացնող իրավասություն ու հնարավորություն ստացավ ՍԴ-ն: Այդ պահից սկսած ՍԴ-ն և նրա մի շարք անդամներ հայտարարվեցին որպես «ժողովրդի թշնամիներ», որովհետև ակնհայտ էր, որ այդ նույն պրոցեսը, որ պետք է որոշում կայացներ, իրավունքի և իրավաբանության հետ որևէ առնչություն չունի: Հիմա ՍԴ-ն այդ իրավունքի և իրավաբանության հետ առնչություն չունեցող քաղաքական գործի վերաբերյալ պետք է որոշում կայացներ և այստեղից սկսեց ՍԴ-ի հանդեպ ճնշումները: Մարդիկ եղան, որոնք հայտարարեցին, որ իրենք հանդիսանում են արդեն իսկ ՍԴ նախագահ: Այդ դեպքում եթե պետությունն օրինականության պահապանն էր հանդիսանում, հենց այդ պահին տվյալ հայտարարություն կատարող անձի նկատմամբ իշխանության յուրացնելու և ՍԴ նախագահի լիազորությունները կատարելու փորձի հետ կապված քրեական գործ պետք է հարուցեր, բայց այդպիսի հանգամանքներ տեղի չունեցան:

Անցավ որոշակի ժամանակահատված, տեղի ունեցավ ՀՀ վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանների դռները, այդ թվում՝ ՍԴ-ի դռները, որովհետև նախկին քաղաքական քրեական գործով ոչ իշխանահաճո որոշում էր կայացվել, և փորձ էր կատարվում մեկուսացնել ՍԴ-ն:

Դրանից հետո տեղի ունեցավ վարչապետի հայտնի հարցազրույցը, ինչով ակնհայտ էր, որ այստեղ ոչ թե ՍԴ դատարանի խնդիր է, այլ Հրայր Թովմասյանի խնդիրն է, և իշխանությունը փորձում էր ամեն գնով, ընդ որում փորձված տարբերակներից որևիցե մեկի մեջ իրավական հենք չեմ տեսել, այսինքն՝ անօրինականությունների և ընդհուպ մինչև, իմ գնահատմամբ, հանցագործությունների միջոցով Հրայր Թովմասյանին ստիպել, որպեսզի վերջինս հրաժարական տա:

Դրան հաջորդեց նաև գործադիր իշխանության մեկ այլ թևի՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, վաղ կենսաթոշակի հետ կապված, որով կրկին փորձ էր կատարվում ՍԴ անդամներին ստիպել, որպեսզի վերջիններս հրաժարականի միջոցով թողնեն ՍԴ դատավորի իրենց հաստիքները, և իշխանությունը հնարավորություն ունենա իրենց ցանկալի անձանցով համալրել ՍԴ-ն:

Եվ վերջին գործողությունը՝ ԱԺ-ի կողմից այդ ապօրինի գործողությունները, որոնցով որ ՍԴ-ի դաշտ էին նետում Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատումը: Եթե համադրում ենք ժամանակագրությունն այս ամենի հետ, մնացած բոլոր տարբերակների ձախողումներից հետո սա կտրուկ և, իմ գնահատմամբ, հանցավոր տարրեր պարունակող գործողություն է իշխանության կողմից՝ մեկուսացնել ՀՀ ՍԴ նախագահին:

Ընդ որում, եթե սկզբից խոսքը գնում էր ՍԴ անդամների մի մասի մասին, նաև վարչապետի ելույթից հետո, կոնկրետ ուղղորդումն անձնավորված էր հենց Հրայր Թովմասյանի նկատմամբ: Վարչապետի ելույթից մեծ մասը հենց Հրայր Թովմասյանին էր նվիրված, այլ ոչ թե ՍԴ դատավորների ընդհանուր գործառույթներին, ԱԺ դիմումն ուղղված էր հենց Հրայր Թովմասյանին, և այս բոլոր գործողությունները, նույն Արման Բաբաջանյանի դիմումն ուղղված են հենց Հրայր Թովմասյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր արարքներին:

Այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում միմիայն այն հիմքով, որ այլ քրեական գործերով ևս կարող է Հրայր Թովմասյանն իրենց ոչ հաճելի որոշում կայացնեն:

-Պարո՛ն Պողոսյան, ըստ էության ՍԴ-ի կողմից ԱԺ-ի կողմից ներկայացված նախագծի քննարկումը մերժելու որոշմանը միանգամից հաջորդեց այս քրեական գործի հարուցումը: Կարելի՞ է ենթադրել, որ սա իշխանությունների պահուստային ֆոնդից հաջորդ դիմումն է: Եվ ընդհանրապես ինչքա՞ն կարող է շարունակվել, այս ամենը կանխելու որևէ պատժիչ գործողություն չկա՞, և չի՞ ստացվում արդյոք, որ գործադիր մարմնի ղեկավարը ղեկավարում է նաև ՀՔԾ-ն, դատախազությունը և այլն:

-Կշարունակվի այնքան, մինչև կա՛մ Հայաստանում կհաստատվի բռնապետություն, որի պարագայում դատական համակարգն ուղղակի ի զօրու չի լինելու դիմագրավելու օրենսդիր իշխանության կողմից գործադիր իշխանության գործողություներին, կա՛մ մեկնաբանություն տա օրենսդիր իշխանությանը, կա՛մ դեռ հայ հասարակությունը կհասկանա, որ մենք գտնվում ենք պետական տեռորի մակարդակում և ձեռնամուխ կլինի որոշակի փոփոխությունների: Իսկ գործիքները, ինչպես «Արման Բաբաջանյաններն» են, համոզված եմ, որ շատ կհայտնվեն պատմությունների ընթացում, որովհետև այդ գործիքների օգտագործումը մենք տեսել ենք ՍԴ դատարանի դռների արգելափակելուց հետո, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները առանց գիտակցելու, թե ինչ գործողության են մասնակցում, արգելափակում էին դատական իշխանության դռները:

Այդ գործիքներն էին օգտագործվում, և հիմա էլ օգտագործվում է «Արման Բաբաջանյան» գործիքը, և այս գործողություններից հետո, համոզված եմ, այլ գործիքներ ևս ի հայտ կգան: Այս տեռորն իրականցվում է Հրայր Թովմասյանի դեմ նրա սանիկների միջոցով, ինչպես մամուլում տեսանք, երբ առանձնահատուկ շեշտադրվում է այն մասով, որ հանդիսանում են Հրայր Թովմասյանի սանիկը, որպեսզի ցուցմունքներ կորզելու գործիքներ օգտագործվեն, տեսանք նաև «Հայելի» ակումբի նկատմամբ ոտնձգությունը, որի հիմքը հանդիսանում էր այն, որ Անժելա Թովմասյանը հանդիսանում է Հրայր Թովմասյանի քույրը, այսինքն՝ պետական տեռորի մակարդակով Հրայր Թովմասյանի պաշտոնից ազատման հարցն է փորձում լուծել, միմիայն այն պատճառով, որ ՍԴ տիրույթում է գտնվում մեկ այլ քաղաքական հետապնդման հետ կապված քրեական գործով որոշում կայացնելը:

-Իսկ ՍԴ նախագահի անկախությունն ու անձեռնմխելիությունը միայն օրենքով հնարավո՞ր է ապահովել այս դեպքում, եթե ինչպես նշեցիք, բոլոր օղակները սեղմվում են Թովմասյանի շուրջ:

-Մենք պետք է ձգտենք, որպեսզի անկախությունը ցանկացած դատավորի, այդ թվում և Հրայր Թովմասյանի ապահովի այս ոտնձգություններից, կստացվի, թե չի ստացվի, դա ժամանակը ցույց կտա, որովհետև մենք տեսնում ենք նաև երկրի նախագահի անձեռնմխելիություն ունենալու պարագայում ,թե ինչպիսի իրավական ծաղրի է ենթարկվում Հատուկ քննչական ծառայությունն ու գործադիր իշխանությունը, դատախազության և քննչական մարմինների միջոցով նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը:

Այս ամեն ինչի մեջ թեև օրենքով նախատեսված է, որ դատական բարձրագույն իշխանությունը զբաղեցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, բայց սա էլ պատահական չէ, որովհետև տեսեք նույն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով, որով որ որոշում պետք է կայացնի ՍԴ-ն, դա քննել է ՀՔԾ-ն ու այդ դիրքորոշումը՝ անձեռնմխելիության հետ կապված, հետապնդման հետ կապված, այդ գոյություն չունեցող մեղադրանքի եզրույթները, բառակապակցությունները և այլն, այդ դիրքորոշումները գալիս են ՀՔԾ-ից: Հիմա դատական պրոցեսի ընթացում վտանգ կա նաև ՍԴ որոշման կայացման դեպքում, որ վտանգ կա, որ ՀՔԾ-ի այդ նիշը փլվելու է, ու այս պարագայում ՀՔԾ-ն քննում է նաև քրեական գործ, որով ՍԴ-ն կարող է որոշում կայացնել, որը այդ նիշը փլվող հիմնասյուներից մեկն է լինելու: Այսինքն՝ ամեն ինչ է անում պետությունը, որ այն վարկածը, որ ՀՔԾ-ն այդ միֆը ներկայացնում է, որևէ պետական մարմին, այդ թվում՝ դատարանները դրան հակառակվելու հնարավորություն չունենան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ