Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց են ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Ուրֆայից նախկին պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ. հաղորդում է birgun.net կայքը:
Պատճառը Օսման Բայդեմիրի՝ բրիտանական BBC-ի կենտրոնական գրասենյակի շենի առջև տված հարցազրույցում տեղ գտած արտահայտություններն են: «Թուրքիա պետությունն այս պահին ոչնչացնում է քրդական քաղաքներն ու գավառները: Հիմա ցանկանում եմ հարցնել՝ ո՞վ է ահաբեկիչը, ո՞վ է բռնապետը: Քրդերին ո՞վ է սպանում: Երեխաներին և կանանց ո՞վ է սպանում: Այժմ բոլորս միասին ստիպված ենք ճնշել ֆաշիզմը: Այժմ բոլորս միասին ստիպված ենք կանգնեցնել ցեղասպանությունը Ռոժավայում (Սիրիական Քուրդիստան): Եթե դա չանենք, պատմությունը կկրկնվի՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Ստիպված ենք տեսնել Էրդողանի ու «Իսլամական պետության» միջև կապը: Այդ հարաբերություններն այսօր էլ են շարունակվում այնպես, ինչպես երեկ էին»,- ասել էր նա:
Հայցի մեջ նշված է, որ Բայդեմիրի խոսքերի մեջ առկա են Էրդողանին մեղադրող և վիրավորող, Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ ստորացնող խոսքեր, և պատիժ է պահանջվում Բայդեմիրի նկատմամբ:
Օսման Բայդեմիրը բազմիցս աչքի է ընկել հայամետ հայտարարություններով: 2004-2014 թթ. եղել է Դիարբեքիրի քաղաքապետ, և հենց նրա ջանքերի շնորհիվ էր վերակառուցվել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը