Antifake.am-ը գրել է. Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։
«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։
«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։
Կառավարության որոշման մասին
AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։
Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.
Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։
«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին
Ինչպես արդեն նշվեց՝ գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։
Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։
Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։
Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։
Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։
Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը