ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը, РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում անդրադառնալով իր արցախյան այցին, նշել է, որ չէր կարող չընդունել Ստեփանակերտ գալու հրավերը, քանի որ իրեն դասում է Արցախի բարեկամների շարքին։
«Ռուսաստանում կան մարդիկ, որոնք որոշակի համակրանք են տածում Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի հանդեպ, քանի որ երկար տարիներ մարդիկ այնտեղ պայքարել են իրենց ինքնորոշման համար, և դա սկսվել է ԽՍՀՄ փլուզումից շատ առաջ»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Ստեփանակերտի ամբիոնից որևէ «արյունարբու» հայտարարություն Բաքվի հասցեին չեն արվել։
«Ես միայն ասել եմ, որ վստահ եմ, որ խիղճն ու արդարությունը ժողովրդի՝ հանուն ինքնորոշման պայքարի կողմից են, Լեռնային Ղարաբաղի կողմից են: Ես Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ վերադառնալու որևէ հեռանկար չեմ տեսնում: Դրա համար պետք է կոտորել Արցախի ողջ բնակչությունը, բայց աշխարհում ոչ ոք թույլ չի տա, որ նման բան պատահի: Ոչ ոք թույլ չի տա, որ կրկին Հայոց ցեղասպանության պես մի բան տեղի ունենա, ինչպես Օսմանյան կայսրությունում 20-րդ դարում»,- նշել է Զատուլինը:
Հիշեցնենք, Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հանձնել ՌԴ ԱԳՆ-ին Զատուլինի՝ Արցախ այցի պատճառով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը