«Փաստինֆո»-ն գրում է․ «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան խորհրդավոր հանգամանքները։ Ինչպես արդեն նշել ենք՝ 1998թ. հունվարի 21-ին կրակել էին նրա ոտքերին, ինչը շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում, իսկ 1999 թվականի փետրվարի 9-ին տարածվեց նրա մահվան լուրը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահները, հետագայում ազատ արձակվեցին։
Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:
ՈՒ՞մ չէր ձեռնտու Պապիկյանի հայտնությունը և փաստերի հրապարակումը
Այս հարցը 20 տարի առաջ քննարկման թեմա է եղել, ընդ որում, ուշագրավն այն է, որ այն շրջանակները, որոնց Արծրուն Մարգարյանի կյանքի և մահվանն առնչվող դրվագների մանրամասների բացահայտումները ձեռնտու չէր, միանգամից փորձեցին Վազգեն Սարգսյանին, իբր, մրոտելու փորձեր տեսնել: Սակայն, ակնհայտ է, որ կոնկրետ փաստերը մրոտելու փորձ կարող էին համարել միայն այդ փաստերից վախեցողները:
Փաստ է, չէ՞, որ Վազգեն Սարգսյանը 1999 թվականի փետրվարի 26-ի գիշերը ընդունել է Հրանտ Պապիկյանին և նրանք զրուցել են:
Փաստ է, չէ՞, որ հենց այդ զրույցի արդյունքում և ընթացքում է Վազգեն Սարգսյանը կեսգիշերն անց՝ ժամը 2-3-ին իր մոտ կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, ապա՝ Դավիթ Մաթևոսյանին և Հրանտ Պապիկյանին առաջարկել է սպասել հարակից սենյակում, իսկ ինքն առանձնազրույց է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ:
Սրանք վաղուց ապացուցված փաստեր են և այն օրերին այս փաստերի շնորհիվ էր, որ լույս սփռվեց կատարված տխուր իրադարձության վրա՝ ըստ էության, սլաքներն ուղղելով մեղավորների ուղղությամբ: ՈՒ հենց նրանք սկսեցին աղմկել այն օրերին, թե՝ Վազգենի անունը մրոտում են: Մինչդեռ վերջինս եղել է շատ կարեւոր զսպօղակ, որի կենդանության օրոք այսօր թուրները աջ-ձախ կտրողներից շատերն ուղղակի վախենում էին մեկ բառ արտաբերել։
Ա. Մարգարյանի սպանությունից հետո վերջնագիր ներկայացվեց՝ ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանին՝ 15 օրում այն բացահայտելու պահանջով
Վերջնագրային պահանջներ, ուլտիմատումներ, այսպես կոչված՝ «քաջատեղյակ» աղբյուրների կողմից տարածվող ստահոդ տեղեկատվություններ, այս ամենով անցել ենք արդեն, թեպետ այն օրերին ֆեյսբուքյան ֆեյք օգտատերեր չկային, սոցցանցեր չկային: Սակայն կային և՛մարդկանց մրոտողներ, և՛ սուտ ու սխալ ուղղորդողներ:
Ասենք, այն ժամանակ՝ «քաջատեղյակ» աղբյուրներ կային, որ ակնհայտ ստում էին, ասելով, թե՝ Հրանտ Պապիկյանը շուրջ 5-6 օր պահվել է ՆԳՆ 6-րդ վարչությունում հատուկ «դասընթացներ» է անցել: «Քաջատեղյակների» սուտն, իհարկե, բռնվել էր այս համատեքստում, իսկ զարմանքը, թե՝ ինչու ՆԳ և ԱԱ մեկուսարան տանելու փոխարեն, տարել էին և 20 օր պահել ՄՀՕՋ-ում, բացատրելի է:
Հրանտ Պապիկյանը Ղուկաս ՈՒլիխանյանին ասել էր՝ «ոչ ստանդարտ հանգամանքներ» կան, որ կարող եմ ասել միայն Վազգեն Սարգսյանին
Վազգեն Սարգսյան- Հրանտ Պապիկյան ճակատագրական հանդիպման կարևոր հանգամանքներ կան, որ պարզ են դառնում Ղուկաս ՈՒլիխանյանի ցուցմունքից: Ըստ այդմ, Պապիկյանը Վազգեն Սարգսյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել դեռևս Արծրուն Մարգարյանի կենդանության օրոք, ինչի մասին, վկայում է նաև՝ Ղուկաս ՈՒլիխանյանի ցուցմունքը: Դրա համաձայն՝ վերջինս դեռևս Նոր տարուց առաջ /1998 թ. մասին է խոսքը/ Հրանտ Պապիկյանի մոտ նկատել է մտահոգություն, զգացել, որ ինչ-որ հարցով ցանկանում է կիսվել, սակայն չի համարձակվում: Բայց ի վերջո 1999թ. հունվարի 3-ին Ղուկաս ՈՒլիխանյանի տատի թաղման օրը Հ. Պապիկյանն առանձնացել է Ղ. ՈՒլիխանյանի հետ և ասել, որ Արծրուն Մարգարյանի հետ «ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում» և ինքը մտավախություն ունի: Ապա և հետաքրքրվել, թե՝ «անհրաժեշտության դեպքում կարո՞ղ է ընդունելության հնարավորություն ընձեռել պաշտպանության նախարարի հետ»:
Ըստ ՈՒլիխանյանի ցուցմունքի՝ Արծրուն Մարգարյանի դիակի հայտնաբերման հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, Պապիկյանը զանգահարել է իր աշխատանքի վայր և խնդրել հանդիպել դրսում: «Նա եղել է հուզված, ընկճված, վախեցած վիճակում և հայտնել է, որ Մարգարյանի հետ կապված՝ ինչպես նախկին, 1998 թ. հունվարի, այնպես էլ՝ ներկա դեպքով կարևոր, ոչ ստանդարտ հանգամանքներ կան, որի մասին կարող է ասել միայն պաշտպանության նախարարին, սակայն դեռևս չի վճռել … Ասել է, որ անհանգստացած է նաև իր համար ու կրկին հետաքրքրվել է նախարարի հետ հանդիպման հնարավորության մասին»:
Բայց հանդիպումը տեղի է ունեցել միայն փետրվարի վերջերին՝ զուգադիպելով ՆԳ և ԱՆ նախարարին ներկայացված վերջնագրի ժամկետի հետ:
Արծրուն Մարգարյանը ահազանգե՞լ էր
Իրականում ամենևին բացառելի չէ, որ եթե 1998 թվականի հունվարին Արծրուն Մարգարյանը չկազմակերպեր իր դեմ մահափորձի իմիտացիան, ապա կարող էր տեղի ունենալ իսկական մահափորձ: Համենայնդեպս, այդօրինակ, մտադրության մասին է վկայում Անդրանիկ Քոչարյանի՝ Արծրուն Մարգարյանին զգուշության կոչող, զգույշ լինելու մասին նախազգուշացումը:
Թե՞ վերջինս նման նախազգուշացում չի արել և Մարգարյանին այդ օրերին խորհուրդ չի տվել ատրճանակի մեջ մարտական փամփուշտներ պահել՝ հատկապես՝ փողոցում գտնվելիս:
Նման հայտարարություն արել է անձամբ Արծրուն Մարգարյանն իր կենդանության օրոք, ինչն էլ տեղ է գտել նրա ցուցմունքներում:
Ինչու՞ էր Անդրանիկ Քոչարյանը նախազգուշացրել Արծրուն Մարգարյանին՝ խորհուրդ տալով՝ ատրճանակի մեջ մարտական փամփուշտներ պահել՝ հատկապես փողոցում գտնվելիս: Ինչու՞…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը