11  10  2019

Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է. փորձագետ․ News.am

Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է. փորձագետ․ News.am

News.am-ը գրում է․ «Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է, այն սկսում է ավելի վատ աշխատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ իշխանության միջոցով արդեն դժվար է անել այն, ինչը կարելի էր անել անցած տարվա գարնանն ու ամռանը:

«Սովորաբար, երբ վերնախավի փոփոխություն է տեղի ունենում, կամ այն հասցվում է ավարտին, եւ վերանախավն ամբողջությամբ փոխվում է, կամ հին վերնախավից մարդիկ են հայտնվում, որոնք պատրաստ են ենթարկվել նոր վերնախավին, ինչը հազվադեպ է տեղի ունենում»,- նշեց նա: Իսկանդարյանը նկատեց, որ հետհեղափոխական երկրում գործընթացների սխեման հասկանալի է՝ նախ գործադիր իշխանություն, ապա տեղական իշխանություն, որից հետո՝ օրենսդրական իշխանություն, դատական իշխանություն եւ ապա՝ մամուլ:

Փորձագետը հավելեց, որ դա այն ուղին է, որով անցնում է վերնախավի հեղափոխական փոփոխությունը, եւ դժվար է պատկերացնել, որ կան մարդիկ, որոնք անկախ են իշխանությունից: «Այլ հարց է՝ ինչ գործիք է օգտագործում վերնախավը հարցերը լուծելու համար: Այդ գործիքը նախկինում հսկայական լեգիտիմությունն էր, եւ խնդիրները լուծվում էին մարդկանց փողոց հանելու միջոցով: Եվ դա իր պտուղներն է տվել խորհրդարանականների դեպքում կիրառելիս,  սակայն նույն գործիքի կիրառումը բարդություններ է առաջացրել Սահմանադրական դատարանի անդամների դեպքում»,- հավելեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նշեց, որ հեղափոխությունից հետո նոր վերնախավը որոշակի պատկերացումներ է ձեւավորել, թե ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգը:

«Կա նաեւ հասկացողություն, որ պետական ապարատի արդյունավետ աշխատանքի համար մասնագետներ են անհրաժեշտ: Սակայն հենց նրանք են փորձում հակադարձել խնդիրների լուծման միջոցներին, որոնք ընդունում է նոր վերնախավը: Եվ բնական հակասություն է առաջանում: Որոշ ժամանակ դա կարող ենք չտեսնել, սակայն որոշակի պահի այն բռնկվում է, օրինակ, հրաժարականների տեսքով: Դա բնական գործընթաց է»,- եզրափակեց նա:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ