10 10 2019

Իսրայելում ՀՀ դեսպանատան բացում է ակնկալվում 2020-ի գարնանից ոչ շուտ. ՀԿ ղեկավար

Իսրայելում ՀՀ դեսպանատան բացում է ակնկալվում 2020-ի գարնանից ոչ շուտ. ՀԿ ղեկավար

Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացում է ակնկալվում 2020 թվականի գարնանից ոչ շուտ: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ դեսպանատան բացումը մեծ ջանքեր, ֆինանսական ծախսեր է պահանջում:

«Եթե ինձ հարցնեք, ապա ես կնշեի հին Յաֆֆոյում (Թել Ավիվ) հայկական եկեղեցու մոտակայքում գտնվող վայրը»,- նշեց նա:

Հարցին՝ ակնկալվում է արդյոք ՀՀ-ում Իսրայելի դեսպանատան բացում, Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց, որ մոտ ժամանակներս չի ծրագրվում, քանի որ դա կապված է մի քանի պայմանի հետ:

«Առաջին հերթին, դա ֆինանսական հարց է, և դեսպանատան բացման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ են աշխատավարձեր և այլն: Երկրորդ հերթին, դրա համար երկու երկրների միջև լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ են անհրաժեշտ, ինչը դեռևս չկա: Եվ, երրորդ հերթին, Հայաստանում ավանդաբար չի եղել և այժմ չկա մեծ հրեական սփյուռք, որոնց հարցերով կզբաղվեր դեսպանատունը»,- նշեց Ցինկերը:

Նա նկատեց, որ ակտիվության աճ կա, օրինակ, դեպի Իսրայել չվերթների, իսրայելական ուղղվածությամբ տուրիստական ընկերությունների առումով:

«Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում կարդացել եմ, որ իրանցիների համար Մեղրիում ազատ առևտրի գոտի ստեղծելու հետ մեկտեղ ծրագրվում է Գյումրիի մոտակայքում իսրայելական ազատ առևտրի գոտի ստեղծել: Դա կապված է ԵԱՏՄ գոտի ապրանքների տեղափոխման համար կենտրոնների ձևավորման անհրաժեշտությամբ: Այդ նախագծի համար ծրագրվում է ավելի քան 200 հա հող տրամադրել, այսօր տրամադրվել է արդեն 30 հա: Հույս կա, որ այդ նախագիծը սկիզբ կդնի նոր որակյալ հարաբերություններին»,- ընդգծեց նա:

Ցինկերի խոսքով՝ դեսպանատան բացումն ու դեսպանների կարգավիճակի փոփոխությունը կբարձրացնի նաև քաղաքական, այդ թվում միջխորհրդարանական մակարդակով հարաբերությունների մակարդակը:

«Որքանով տեղյակ եմ, հայկական կողմի հետ բարեկամական խումբը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը, և հուսով եմ, որ շուտով՝ Իսրայելում ընտրություններից հետո, Քնեսեթն իր հերթին կակտիվացնի գործունեությունը»,- նշեց Ցինկերը՝ հավելելով, որ դեսպանատան բացումը կարող է Իսրայել Հայաստանի ղեկավարության այցի կազմակերպման լավ առիթ լինել, սակայն դրա համար նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ՝ ԱԳՆ ղեկավարների հանդիպման տեսքով, ինչպես նաև որոշակի համաձայնագրեր և փաստաթղթեր, որոնք կստորագրվեն այցի ընթացքում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ