ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսպիսով, ինչպես առավոտյան էի խոստացել, անդրադառնում եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գիշերային մղձավանջին:
Երեկ 20:00-ի սահմաններում փաստեր հրապարակեցի այն մասին, որ ԱԺ աշխատակազմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Դրանից 3 ժամ անց, ժամը 23:00-ի սահմաններում, ԱԺ աշխատակազմի ղեկավարը հղում անելով ԱԺ աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին՝ հանդես եկավ ստատուսով, որում փորձ արեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին (հատկապես ինձ) մեղադրել ինչ-որ խախտումներում:
Նախ նշեմ, որ Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատողները փոխվել են, նախկին աշխատողներին ազատել են պաշտոններից և իրենցականներին նշանակել: ԱԺ աշխատակազմի այս ղեկավար կազմի կողմից թույլ տրված աօրինություններին քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկը հրաշալի հասկանում է, թե ինչ ցածր մակարդակ ունեն, որքան թույլ մասնագիտական կարողություններ և հիմա, իրենց խելքով, փորձել են խախտումներ բացահայտել, դրանք հրապարակել, ինչի հետևանքով նույն ինքը, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը, առանց հասկանալու իրեն դրել է շատ ավելի վատ վիճակում, քան կար մինչև հիմա: Այսպես․
, Օրենքի խախտումներ հայտնաբերելու համար առնվազն պետք է իմանալ օրենքը: Իսկ այն փաստը, որ չգիտեք օրենքը, ապացուցվում է ՀՀ ԱԺ նախահգահի հայտնի կարգադրությամբ, որտեղ ուղիղ գրված է, որ օրենքների չիմացության հետևանքով խախտել եք անձանց իրավունքները և հանձնարարվել է, որ վերացնեք ձեր ապօրինի հրամաններն ու վերականգնեք անձանց խախտված իրավունքները: Ցանկացած մեկը, ով ունի մասնագիտական արժանապատվություն, այսպես խայտառակվելուց հետո պարզապես գլուխը կկախեր ու կկորեր բոլորիս աչքից:
Վիճակագրությունը, որը ներկայացրել եք, խոսում է պարզագույն երևույթի մասին, որը կիմանայիք, եթե օրենքից մի փոքր տեղյակ լինեիք: Բացատրեմ, թե ինչու է 2018-ի ընթացքում կտրուկ աճել մրցույթների քանակը․ բանն այն է, որ պետական ծառայության թափուր հաստիքների համար մրցույթների անցկացումը օրենքի իմպերատիվ պահանջն է, իսկ մեր կողմից իրականացված ԱԺ աշխատակազմի իրական և արդյունավետ բարեփոխումների արդյունքում, և առանց ապօրինությունների կադրային քաղաքականության իրականացման ընթացքում, նույն ժամանակահատվածում կատարվել են բազմաթիվ կադրային տեղաշարժեր, որոնք կապված էին անվանացանկի և հաստիքացուցակի փոփոխությամբ, ինչը, ի տարբերություն ձեզ, մենք արել ենք առանց անձանց իրավունքների խախտման: Այդ մասին է վկայում բողոքների բացակայությունը:
Հետևաբար, երբ նույն ժամանակահատվածում կադրային բազմաթիվ տեղաշարժեր են իրականացվում, ապա օրենքների իմացության պրիմիտիվ մակարդակը հուշում է, որ մրցույթները նույնպես պետք է կայանային նույն ժամանակահատվածում: Եթե օրենքն իմանայիք, ապա կիմանայիք, որ դուք էլ պարտավոր եք դա անել 6 ամսվա ընթացքում: Իսկ դրա փոխարեն դուք հիմա իրականացնում եք օրենքով չնախատեսված ու շատ կասկածելի հարցազրույցներ:
Միայն այն հանգամանքը, որ խոսում եք ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարված լինելու մասին, փաստացի ապացույցն է այն իրողության, որ դուք իրավունք չունեք ղեկավարել ԱԺ աշխատակազմը, քանզի աշխատակազմում անգամ մաքրոհիները, որոնք եղել են մեր ժամանակ, հրաշալի տեղյակ են, որ ԱԺ աշխատակազմը ապաքաղաքական կառույց է, իսկ պետկան ծառայողներն ու վարչական պաշտոններ զբաղեցնողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն: Հետևաբար քաղաքական մարմին հանդիսացող ԱԺ-ն լուծարված էր, թե լուծարված չէր, որևէ կերպ չպետք է հետաքրքրի ԱԺ աշխատակազմին և որևէ կերպ չպետք է առիթ դառնա, որ ԱԺ աշխատակազմը չկատարի օրենքով իր վրա դրված պարտականությունները: Կարճ ասած՝ ԱԺ աշխատակազմն իրավունք չունի անել այն, ինչը դուք եք անում և զարմացել եք, որ մենք չենք արել: Օրենք իմանալը ձեր ուղիղ պարտականությունն է, իսկ չիմանալը, որն ապացուցվեց, ձեր նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու՝ ԱԺ նախագահի ուղիղ պարտականությունը:
Մրցույթների 71%-ում մասնակցության ցածր ցուցանիշը պարզ վկայությունն է այն իրողության, որ մեր ժամանակ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում էին, թե ինչ պահանջներ են սահմանված ԱԺ աշխատակազմում աշխատելու համար, իմանում էին, որ մասնագիտական բարձրագույն որակը համարվել է առաջնային և անհնար էր որևէ կերպ շրջանցել այդ պահանջը: Ի տարբերություն ձեր ղեկավարման ժամանակահատվածի, երբ ով ասես, ինչ կասկածելի կրթությամբ, վարքով, բարքով ու տեսքով ասես դիմում է աշխատանքի անցնելու համար և անցնում աշխատանքի: Բնական է, որ մասնակցությունը կշատանա, երբ մասնակցել պատրաստվողը հրաշալի տեղեկացված է, որ նույնիսկ մրցույթ կամ հարցազրույց անցկացնողներն են միջինից ցածր գիտելիքներով մարդիկ:
իմ ժամանակ անցկացված բոլոր մրցույթներն ու ատեստավորումները (տեստ և հարցազրույց) տեսաձայնագրված են և պահպանվում են Աշխատակազմում: Վերցրեք, ուսումնասիրեք, որ մի քիչ էլ գոնե սովորեք:
Հ․Գ․ Հուսամ մի օր վերջապես մի քիչ ինքնակրթությամբ կզբաղվեք, մի քիչ էլ օրենքներ կիմանաք ու կասհականք բոլոր շարժառիթները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը