02 10 2019

Առանց ներհայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելու, դիմելու ենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան. 168.am

Առանց ներհայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելու, դիմելու ենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան. 168.am

168.am-ը գրել է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ նրա պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին իրենց պաշտպանյալի խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի որոշումը և խնդրել՝ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել։

Հիշեցնենք, որ դատավոր Մհեր Արղամանյանն «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու Դավիթ Արղամանյանի հայրն է։

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ հենց այս հանգամանքը բավարար էր, որ դատավոր Մհեր Արղամանյանն ինքնաբացարկ հայտներ։

«Այդ որոշումն ինքն իրենով էլ իրավական չէ, իսկ դատավոր Մհեր Արղամանյանը պետք է բոլոր պարագաներում ինքնաբացարկ հայտներ։ Ավելի դիպուկ՝ նույնիսկ ամենաօրինական որոշումը, որը կայացվել է մի դատավորի կողմից, որը բացարկի է ենթակա, դառնում է անօրինական»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Ալումյանը՝ նշելով, որ, առանց ներհայաստանյան դատական բոլոր ատյանները սպառելու, դիմելու են ՄԻԵԴ, իսկ Արմաղանյանի կողմից սեպտեմբերի 25-ին կայացրած որոշումն իրենց շատ լուրջ հիմնավորումների տեղիք տվեց։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանից հետաքրքրվեցինք նաև «Մարտի 1»-ի գործի հետ կապված՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն դիտարկման մասին, ըստ որի՝ «Մարտի 1»-ի գործով շուրջ 200 հոգու մեղադրանք կառաջադրվի։

«Ինչ ասեմ. երևի պարոն Աղազարյանն ավելի լավ է ծանոթ «Մարտի 1»-ի գործին, քան մենք ու քննիչը»,- ասել է Ալումյանը՝ չցանկանալով մեկնաբանել հարցը, թե ինչի մասին է վկայում օրենսդիր մարմնի ներկայացուցչի կողմից նման կանխատեսումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ