01 10 2019

Դատական իշխանությունը «բուդկայի» պես սեփականաշնորհելու նպատակը հստակ է. Անդրանիկ Թևանյան

Դատական իշխանությունը «բուդկայի» պես սեփականաշնորհելու նպատակը հստակ է. Անդրանիկ Թևանյան

Արդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դատական իշխանությունը «բուդկայի» պես սեփականաշնորհելու նպատակը հստակ է՝ ստեղծել անձնիշխանական համակարգ, որը քաղաքագիտության մեջ ունի կոշտ ավտորիտարիզմ կամ տոտալիտարիզմ սահմանումը։

Մեզ մոտ տոտալիտարիզմ հաստատելը շատ բարդ ու գործնականում անհնար զբաղմունք է։ Տոտալիտարիզմի համար անհրաժեշտ են բնական ռեսուրսներ և գաղափարախոսություն։ Չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Այլ բան է կոշտ ավտորիտարիզմը։ Տեսականորեն հնարավոր է մի փոքր ժամանակահատվածում հաստատել այդպիսի ռեժիմ մեզանում կամ նման փորձ անել։

Հիմա պաշտպանյալը նման փորձ է անում։ Դրա համար է խնդիր դրվել օրենսդիրի ու գործադիրի պես գրպանային դարձնել նաև դատական իշխանությունը։

Կոշտ ավտորիտար ռեժիմ նա չի կարողանալու հաստատել, բայց փորձի ընթացքում ահագին ավերածություններ կկարողանա գործել։ Կկարողանա նաև ներհասարակական թշնամանքի ու ատելության մթնոլորտն այնպիսի մակարդակի հասցնել, որ Հայաստանն ու Արցախը կզրկվեն արտաքին թշնամուն դիմագրավելու իմունային համակարգից։

Գործնականում կոշտ ավտորիտար ռեժիմ հաստատելու համար պաշտպանյալին եթե ոչ նավթ ու գազ, ապա փող է պետք ու գաղափարախոսություն։

Երկրի ներսում փող չկա։ Գաղափարախոսություն էլ չունի։ Մնում է երկուսի ներմուծման տարբերակը։

Կրեմլը, հասկանալի պատճառներով, փող չի տա, որպեսզի իր դասակարգային հակառակորդը Հայաստանում կոշտ ավտորիտարիզմ հաստատի։

ԵՄ–ն հեղափոխականների արցունքներին չի հավատում և փողը խոստանում է կոնկրետ բարեփոխումների դիմաց։ Բարեփոխումների փաթեթ ու պատկերացում չկա։ Ուստի փող էլ չկա։

Փող կարող են տալ ամերիկացիները, բայց նրանք պաշտպանյալից պահանջում են «գույն» տալ «թավշյա» քայլերին ու վերածվել հայկական Սահակաշվիլու, այսինքն՝ արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն իրականացնել՝ մտնելով հակառուսական գծի մեջ։

ԱՄՆ–ը պաշտպանյալին առաջարկել է խաղ՝ «Սահակաշվիլիություն՝ փողի խոստման դիմաց» բանաձևի շրջանակներում։

Դատելով ամենից՝ պաշտպանյալը որոշակի քայլեր արել է ամերիկյան առաջարկների ուղղությամբ, բայց վախենում է մինչև վերջ գնալ, քանզի հասկանում է, որ հակառուսական վեկտորը փաստացի նշանակելու է պրոթուրքական վեկտորի ընտրություն, քանզի մեր տարածաշրջանում ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ը այլ օպերատոր չունեն։ Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է. այդ երկիրը դարձել է ադրբեջանական «SOCAR»–ի ու թուրքական կապիտալի կցորդը՝ այս փուլում փաստացի կորցնելով թրքացած Աջարիան։

Պաշտպանյալը դեմ չէ «Սահակաշվիլիություն՝ փողի խոստման դիմաց» բանաձևի կյանքի կոչմանը, բայց վախենում է աթոռը կորցնելու հեռանկարից։ Նրա մոտ առայժմ լարախաղացային վիճակ է, բայց հոգու խորքում հանգիստ չեն տալիս սահակաշվիլիական դափնիները։ Դա է պատճառը, որ նա «ծռվել» է ու պաշտոնապես լեգիտիմացրել ահաբեկչությունը՝ ներքին կյանքում տեղ տալով «ռազմահայրենասիրական» հռետորաբանությամբ հանդես եկող թրքաբոլշևիկներին։

Թե մինչև ուր կգնա պաշտպանյալը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ ամեն դեպքում այս ամենն ավարտվելու է պայթյունով։ Երբ և ինչ ծավալներով, ու, ամենակարևորը, ինչ հետևանքներով՝ այլ խոսակցության թեմա է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ