26 09 2019

Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր Վանեցյան. Aravot.am

Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր Վանեցյան. Aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր մայրը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հեռախոսային բիզնեսում բաժնետեր է եղել: Արթուր Վանեցյանի խոսքով, իր մայրն արդեն հերքում է պահանջել այն լրատվամիջոցներից, որոնք նման հրապարակումներ են տարածել:

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը գաղտնի պայմանավորվածություն է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որ եթե Խաչատրյանը վերականգնում է պետությանը պատճառված վնասը, ազատ է արձակվում, եւ որ Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Դա էլ է ուղղակի ծիծաղելի, որովհետեւ Գագիկ Խաչատրյանն այսօր բանտում նստած է ու հարուցված է քրեական գործ: ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նոր Հայաստանի որպես ամենամեծ ձեռքբերում հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարը ու թվարկեց մարդկանց, որոնց հանդեպ հարուցված են քրեական գործեր, որոնք վերականգնել են պետությունից գողացված գումարներ, որոնց մի մասն այս պահին կալանավայրում են, գտնվում են դատաքննության փուլում, այդ բոլոր թվարկված մարդիկ ձերբակալվել են ու քրեական հետապնդման են ենթարկվել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»:

Մեր դիտարկմանը, թե ձեր հեռանալուց հետո քրեական գործեր հարուցվեցին նախկին ոստիկանապետի, ՊԵԿ նախկին նախագահի, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկի տնօրենի, ՊՆ նախկին նախարարի ու մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Բո-լո-րը, բոլոր նրանց ում անունները տվեց, այդ որ հիմա ասում է սկանդալային բացահայտումներ են լինելու… Բեգլարյանի, դրանք իմ օրոք հարուցված քրեական գործերով է, իմ օրոք օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներ են, մի օրում քրեական գործ չի հարուցվում ու մեղադրանք չի առաջադրվում, թող վերցնեն բոլոր քրեական գործերը եւ նայեն, թե ով է դա արել»:

Անդրադառնալով իր վերջին հարցազրույցին, երբ ասել էր՝ «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու» եւ այդ հարցազրույցին «Իմ քայլը» խմբակցության եւ ԱԺ այլ պատգամավորների արձագանքներին, թե Արթուր Վանեցյանը, եթե հասարակական հետաքրքրություն պարունակող տեղեկատվություն ունի, պիտի հրապարակի,  պատասխանեց. «Ուզում եմ՝ հստակ մի բան արձանագրենք, այն անձը, որն իր ծառայության ընթացքում ՝ կլինի զինվորական, թե ոչ զինվորական, հայտնի են դարձել պետական գաղտնիքներ, եթե այդ անձը երբեւիցե որեւէ պարագայում հրապարակի այդ գաղտնիքները, ուրեմն նրան պետք է հռչակեն ազգի դավաճան: Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»: Կարդացեք նաև «Եթե ԱԱԾ-ի ղեկավարը, ՀՔԾ-ի ղեկավարը, երկրի վարչապետը գաղտնալսվում են, այդ ժամանակ պետք էր սպայի պատվից խոսել» Ադրբեջանական կողմի լռությունը միջազգային հանրության համար ակնհայտ է դարձնում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության, ու հենց Ադրբեջանն է ապակառուցողականը. «Հայկական ժամանակ» Սամվել Ֆարմանյան. Բարեկամաբար հորդորում էի` մի՛ պաշտպանեք մի բան, որ Փաշինյանն ինքը այլևս երբեք չի կրկնելու Մեր հարցին՝ դուք ձեր հարցազրույցում պետական գաղտնի՞ք նկատի ունեիք. «Ոչ, ես նկատի չունեի պետական գաղտնիքները, ես նկատի ունեի առհասարակ, երբ առանց մտածելու ինչ-որ բաներ խոսեի, ինչ կլինի»:

Մեր հարցին, իսկ դուք ունեք հասարակության համար հետաքրքրող տեղեկատվություն եւ լռո՞ւմ եք, նա պատասխանեց. «Եկեք այլ մանրամասների մեջ չմտնենք, եթե կարիք լինի ավելի ծավալուն ելույթով հանդես կգամ, այս պահին կարիք չկա, արձանագրենք, որ պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է»: Նա մեկնաբանեց նաեւ իր հասցեին հնչող քննադատությունները, թե ԱԱԾ պրոֆեսիոնալ ղեկավարի օրոք հնարավոր չէր լինի վարչապետի, ԱԱԾ ղեկավարի ու ուժային այլ կառույցի ղեկավարի հեռախոսային զրույցի գաղտնալսումը, նա մեկնաբանեց նաեւ լուրը, որ այդ գաղտնալսման հետեւում հենց ինքն էր կանգնած. «Ժամանակը կպատասխանի գաղտնալսման հետ կապված հարցին, չեմ կարող այս պահին խոսել, որովհետեւ քննություն է իրականացվում: Բայց հավատացեք, երբ քննության արդյունքները կհրապարակվեն եւ կբացահայտվեն, կտեսնեք՝ ձեր ասած ԱԱԾ պրոֆեսիոնալ տնօրենը իրականում եղել է շատ բարձր պրոֆեսիոնալ ու շարունակում է մնալ շատ բարձր պրոֆեսիոնալ»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ