25 09 2019

Երևանում անցկացվում է ԱՊՀ հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը

Երևանում անցկացվում է ԱՊՀ հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը

2019թ. սեպտեմբերի 25-26-ը ք.Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) հետ համատեղ անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հավաքի առանցքային միջոցառումն է լինելու Համագործակցության երկրների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլերի անցկացումը:    

Հավաքի բացմանը մասնակցում են` ԱՊՀ ՀԱԿ ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Հավաքի ծրագրով նախատեսված է՝

ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը ընկած ժամանակահատվածում 7 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքներում ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի (այսուհետ` վարժանք) առաջին փուլի արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 25)

.վարժանքի երկրորդ և երրորդ փուլերի անցկացում, որոնք ներառում են՝ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտում («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) պատանդների ազատագրմանը և ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված հակաահաբեկչական գործողության անցկացում (սեպտեմբերի 25)

.ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ԱԻՆ, ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ներգրավմամբ ապօրինի զինված կազմավորումների և ահաբեկչական խմբերի շրջափակմանը և ոչնչացմանը, ահաբեկչական գործողության հետևանքների վերացմանն ուղղված հատուկ գործողության անցկացում (սեպտեմբերի 26, ՀՀ ԶՈւ «Բաղրամյան» զորավարժարան)

.ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր գիտախորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը գիտական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «Ահաբեկչական սպառնալիքներից կարևորագույն օբյեկտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով (սեպտեմբերի 25):

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը անցկացվում է Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրին համապատասխան և հանդիսանում է Համագործակցության պետությունների հակաահաբեկչական փոխգործակցության համակարգի կարևոր տարրը: 

Յուրաքանչյուր տարի այս հարթակում տեղի է ունենում փորձի փոխանակում, քննարկվում են ահաբեկչության հակազդման ոլորտում միջպետական և միջգերատեսչական համագործակցության արդիական հարցեր, համատեղ հակաահաբեկչական վարժանքների ձևաչափով մշակվում են ահաբեկչական սպառնալիքների հակազդմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համաձայնեցված գործողությունների ալգորիթմներ:

Երկօրյա միջոցառումներին մասնակցելու են Համագործակցության 8 պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների (Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, Բելառուսի Հանրապետության ՊԱԿ, Ղազախստանի Հանրապետության ԱԱԿ, Ղրղզստանի Հանրապետության ԱԱՊԿ, Մոլդովայի Հանրապետության ՏԱԾ, Ռուսաստանի ԱԴԾ, Տաջիկստանի Հանրապետության ԱԱՊԿ, Ուզբեկստանի Հանրապետության ՊԱԾ), ԱՊՀ գործադիր կոմիտեի և ոլորտային համագործակցության մարմինների` Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի, Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի, Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի, Միջպետական ավիացիոն կոմիտեի պատվիրակությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ