24 09 2019

Նիկոլը գնում է իր նյութական ու քաղաքական հոր՝ Վանոյի ճանապարհով․ 7or.am

Նիկոլը գնում է իր նյութական ու քաղաքական հոր՝ Վանոյի ճանապարհով․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Armlur.am» կայքի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել՝ փորձելով խուսափել այն ճնշումներից, որոնք իր վրա իրականացնում են Նիկոլ Փաշինյանին կից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ըստ կայքի՝ Հարությունյանի վերջին խոսքերն են եղել. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում»։

Կայքը, իր աղբյուրին հղում անելով, գրում է, որ նախկին ոստիկանապետը կյանքին հրաժեշտ տալուց առաջ միայնակ չի եղել։ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն:

«Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,–ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ըստ այդմ ստացվում է, որ Հայկ Հարությունյանը սպայի պատիվը և կյանքին հրաժեշտ տալը գերադասել է սուտ մատնություն տալու նիկոլական գործարքից։

Դատելով ամենից՝ վերադառնում ենք նախորդ դարի 90–ականներ։ Նիկոլ Փաշինյանի նյութական ու քաղաքական հայր Վանո Սիրադեղյանի ժամանակներ։

Այն ժամանակ էլ իրավապահ համակարգում բեսպրեդել էր՝ ամենաթողություն և ապօրինություն։ Տեղի էին ունենում քաղաքական սպանություններ և «ինքնասապնություններ»։ Ոստիկանությանը կից ստեղծվում էին զինված բանդաներ, որոնք իրականացնում էին ՀՀՇ–ի նեղ խմբակի հանձնարարականները։ Վերջում, իհարկե, ամեն ինչ ջարդվեց միայն Վանո Սիրադեղյանի վրա, ով հասցրեց փախուստից առաջ հայտարարել, որ քավության նոխազ չի դառնա՝ ակնարկելով, որ հանցագործությունները միայնակ չի արել, այլ դրանք տեղի են ունեցել Լևոն Տեր–Պետրոսյանի ու մյուսների գիտությամբ։

Հիմա Նիկոլը գնում է Վանոյի ճանապարհով։ Նա պետական կառույցներն օգտագործում է անձնական նպատակներով ու իրավապահներին դրդում ապօրինության։ Ովքեր չեն մտնում այդ ապօրինության դաշտ, պատվով հրաժարական են տալիս կամ հեռացվում այնպես, ինչպես Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը։ Իսկ ովքեր պատրաստ են կատարել Նիկոլի ապօրինի հանձնարարականներն ու իրենց ուզած ցուցմունքները կորզել, մասնավորապես, «մարտի 1»–ի գործով, մնում են ու աշխատում պետության դեմ այնպես, ինչպես Սասուն Խաչատրյանը և Արթուր Դավթյանը։

Մենք առիթ ունեցել էինք գրելու, որ ձախողվելով ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, ինչպես նաև տապալելով «տնտեսական հեղափոխությունը»՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ապավինի տեսարաններին ու քրեական բեմադրություններ կազմակերպի։

«Մարտի 1»–ն այս թատրոնում առաջին տեղում է, և նա ամեն գնով ուզում է սեփական վարկածը դարձնել իրականություն։ Հայկ Հարությունյանը չմտավ նրա գծած սցենարի մեջ ու հրաժեշտ տվեց կյանքին։ Նա դարձավ Նիկոլի հետմարտիմեկյան առաջին զոհը։ Թե հետո ինչ է լինելու, կարելի է միայն ենթադրել։

Մեկ բան ակնհայտ է, որ Նիկոլը կրկնում է Վանոյին, բայց վերջում կհասցնի՞ թռնել Վանոյի պես, թե՞ ոչ, դժվար է ասել։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»–ը Ռոբերտ Քոչարյանի դեմ կարելով հանդերձ՝ զուգահեռաբար ամեն ինչ անում է, որպեսզի դեպքերի իրական վկաներն ու արժեքավոր տեղեկատվության տիրապետողները ֆիզիկապես վերանան ու հետագայում չասեն բաներ, որոնցից պարզ կդառնա, թե ով է իրականում հանցագործը։

Այդ տրամաբանության շրջանակներում է Նիկոլը Մանվել Գրիգորյանին պահում փակի տակ ու փաստացի նպաստում նրա մահվանը։

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև նախկին ոստիկանապետի հետ տեղի ունեցածը։

Հայկ Հարությունյանը կյանքին հրաժեշտ տվեց՝ ինչը ձեռնտու էր Փաշինյանին, քանզի եթե նա ցանկալի ցուցմունք չէր տալիս, ապա ավելի լավ է մահանար, քանզի հետագայում կարող էր որպես վկա պատմել, թե ինչ ապօրինությունների է գնացել Նիկոլը՝ «Մարտի 1»–ի գործը ՀՀ 2–րդ նախագահի վրա սարքելու համար։

Չի բացառվում, որ Հարությունյանի և իր հարազատների վրա այնպիսի ճնշումներ են եղել, որ գեներալը գերադասել է կյանքին վերջ տալ՝ այդպիսով փրկելով իր պատիվն ու հարազատներին։

Ի դեպ, չպետք է բացառել նաև սպանության վարկածը, քանզի Հարությունյանն այնպիսի տեղեկատվության էր տիրապետում, որ վաղը մյուս օրը կարող էր մանրամասն պատմել, թե ինչպես է Նիկոլը հրոսակախմբերին ոստիկանների վրա գրոհի նետել՝ «Մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից ազատելու» համար։

Նիկոլի իշխանության օրոք վկաներ ու տեղեկությունների տիրապետողներ են շարքից հանվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ