7or.am-ը գրում է.
««Հայելի» կայքի տեղեկություններով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել ներքաղաքական դրդապատճառներով։ Ավելի կոնկրետ՝ «Մարտի 1»–ի գործով։
«Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»,– ականատեսների պատմելով հայտարարել է Հարությունյանն ու դիմել ինքնասպանության։
Համանման տեղեկություն կա նաև «Armlur.am» կայքում, որի հիմնադիրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը սեփական մեղքերը քավելու, մարտի 1–ի 10 զոհերի պատասխանատվությունն այլոց վրա բարդելու և քաղաքական վենդետտա իրականացնելու հարց է լուծում, պարզ դարձավ Ռոբերտ Քոչարյանի դեմ «կարված» գործի ընթացքից։
Հայտնի գաղտնալսումներից նաև պարզ դարձավ, որ քաղաքական մոտիվներով քրեական հետապնդումներն անձամբ Փաշինյանն է ղեկավարում։ ՀՔԾ–ն ու դատախազությունը նրա ձեռքում գործիք են՝ սեփական վարկածները կյանքի կոչելու համար։
Կոնկրետ «Մարտի 1»–ի գործով Նիկոլը ցանկանում է, որպեսզի քննություն կոչվածը հաստատի այն վարկածը, որը նա տարիներ շարունակ ներկայացրել է իր «Հայկական ժամանակ» թերթով։ Ասել է թե՝ Սասուն Խաչատրյանը և Արթուր Դավթյանը ոչ թե պարզում են, թե ինչ է եղել մարտի 1–ին, այլ գործը տանում են Նիկոլի ուզած ուղղությամբ։
Դա է պատճառը, որ դատավորների վրա ճնշումներ են գործադրվում, իսկ նախկին պաշտոնյաներից էլ փորձում են ստիպելով իրենց ցանկալի ցուցմունքները կորզել։
Հայկ Հարությունյանը, ով այն օրերին եղել է ոստիկանապետ, դարձավ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու «մարտի 1»–ի հերթական զոհը։
2008–ին Նիկոլը մարդկանց ուղարկեց կրակի բերան ու ծլկեց։ Հիմա էլ պետությունն է դնում զոհասեղանին ու հանցագործության դրդում պետական պաշտոնյաներին, ու վերջում կրկին փորձելու է ծլկել՝ «փուռը» տալով սասունխաչատրյաններին ու արթուրդավթյաններին։
Նիկոլը, փաստորեն, չի կարողանում կանգ առնել։ Նա անընդհատ վերադառնում է հանցագործության վայր ու նոր հանցագործություններով փորձում կոծկել նախորդ հանցագործությունը, բայց է՛լ ավելի է խրվում հանցանքների մեջ։
Նա մահապարտ է, բայց մահապարտ դառնալուց կարող են խուսափել մյուսները և չկատարել ապօրինություններ։ Վանեցյանն ու Օսիպյանը սպայի պատիվը գերադասեցին հակապետական հրահանգ կատարելուց։
Հայկ Հարությունյանն էլ, փաստորեն, նույն սպայի պատիվը պահելու համար դիմեց ինքնասպանության։ Այս արյունը ևս Նիկոլի վրա է մնալու, և նա, ի վերջո, «Մարտի 1»–ի գործով կանգնելու է դատարանի առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը