Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում արդեն տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումները Ամերիկայի արևմտյան ափի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավարների հետ։
Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և հաղորդակցության արդյունավետ աշխատանքային ձևաչափի մշակմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը և դրա շուրջ համազգային քննարկումներին, ՀՀ վարչապետի ԱՄՆ այցի օրակարգի, նախատեսված հանդիպումների, համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմանը, Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածությանը և ներուժի լիարժեք օգտագործմանը, Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, պետություն-եկեղեցի համագործակցությանը, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և իրադարձություններին, Թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում Հայաստանում ժողովրդավարության արձանագրած առաջընթացին և այլն։
Ամուլսարի թեմային անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է․ «Ամուլսարի հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից։ Մի մասն ասում է Ամուլսարը սար է, ինչ ուզում է, լինի, աշխարհն էլ կեսից քանդվի, պետք է Ամուլսարը մնա սար, մյուս մասն ասում է աշխարհը քանդվի, Ամուլսարը պետք է շահագործվի։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ասում եմ մենք հայ հանրության և միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ և մինչև վերջ գնանք ճշմարտության հետեւից։ Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չի, այդ հարցի պատասխանը դե ֆակտո եւ դե յուրե ես պետք է ստանամ։ Շատերը հիմա ինձ արձագանքելու են, թե էդ ի՞նչ ես խոսում, պարզ չի՞։ Ո՛չ, պարզ չի, որովհետև այդ մարդկանցից շատերը ասում էին, կառավարության անդամներ էին մտել իմ սենյակ, ասում էին հենց հիմա փակի, Թեղուտի հանքը հիմա փակի, քանդվում է, հազարավոր զոհեր․․․ բայց պարզվեց՝ ճիշտ չեն ասում։
Ես հանքը բացելու կամ չբացելու խնդիր չեմ դրել, ես ասել եմ, որ պետք է գնալ ճշմարտության հետրից։ Ես «Լիդիանի» ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ եթե պարզվի, որ այն ստանդարտներով, որոնք դուք ասում եք, կարղ ենք հանքը շահագործել, ես Ձեզ կաջակցեմ, եթե ոչ, բացառվում է ես Ձեզ աջակցեմ»։
Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ այդպես է ու վերջ։ Տեղեկացված որոշում է պետք կայացնել։ Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք։ Համենայն դեպս, ես եւ կառավարությունը որեւէ ճնշման տակ չպետք է որոշում կայացնենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը