20 09 2019

Գնում ենք լավագույն զինամթերքը, կարևոր չէ, թե որ երկրից․ Տոնոյան

Գնում ենք լավագույն զինամթերքը, կարևոր չէ, թե որ երկրից․ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանն այն մասին, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, նշեց․ 

«Ես հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ պաշտոնապես փոխանցվել է  առաջարկությունը` ադրբեջանական որոշ քննարկումների, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն և  աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»։  Նախարարը հավելեց՝ պետք է տարանջատել ՀՀ քաղաքացիներին  Ադրբեջանի քաղաքացիներից, որոնք այժմ Լեռնային Ղարաբաղում են։

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում և դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից, ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-նշեց նա՝ հավելելով, որ չի բացառում փոխանակումը, սակայն դա ԼՂ սուվերեն որոշումն է։

 Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։ «Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասաց նախարարը։

Մեկնաբանելով սպառազինության տեխնիկական որակներով «Իսկանդերին» գերազանցող հնարավոր մատակարարումների հարցը՝ նախարարը նշեց, որ հենց այն հայտնվի, այդ մասին կհաղորդվի:

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք փոխվել Հայաստանի համար սպառազինության գլխավոր մատակարար Ռուսաստանը,  ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը ոչինչ չբացառեց, քանի որ, ինչպես նա բազմիցս հայտարարել է, հիմա Հայաստանի ԶՈՒ կարիքների համար գնվում է լավագույն սպառազինությունը եւ մատչելի գներով, կարեւոր չէ, թե այն որ երկրից է ձեռք բերվում: «Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ տարբեր երկրներ ունեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների իրենց ներքին սահմանափակումները»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով«Սու 30»-ի մատակարարումներին՝ Տոնոյանն առաջարկեց սպասել մինչեւ տարեվերջ - 2020-ի սկիզբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ