News.am-ը գրում է․ «Դատարանի որոշումն ապացուցեց, որ այսպես կոչված «Ռոբերտ Քոչարյանի գործը» լիովին իրավականից անցել է քաղաքական ոլորտ։ Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ NEWS.am-ին մեկնաբանելով ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր միջնորդությունը ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրության մասին։ Սեպտեմբերի 17-ին դատարանը մերժել էր միջնորդությունը Քոչարյանի ազատման մասին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։
«Հասկանալի է, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում։ Դատարանները, գտնվելով իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, ընդունում են անօրինական որոշումներ։ Մենք անգամ գործ ունենք աննախադեպ երեւույթի հետ՝ դատարանը ուշադրության չի առել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետեւաբար, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման նոր պտույտի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։
Մենք կարող ենք փաստել, որ պայքարը նրա ազատ արձակման համար դառնում է քաղաքական պայքարի զգալի տարր եւ ներկայացնում է ոչ թե պարզապես պայքար առանձին մարդու ազատության համար, թեեւ խոսքը անվանի պետական գործչի մասին է, խոսքը հայոց պետականության պաշտպանության, Հայաստանում իրավական պետության պաշտպանության մասին է։ Ահա թե որն է այսօր տեղի ունեցող գործընթացների էությունը։ Դա հասկանալի դարձավ ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներից հետո՝ նախորդ եւ այսօրվա։
Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կհայտարարենք այն մասին, թե ինչ ձեւաչափով ենք շարունակելու քաղաքական պայքարը Հայաստանի երկրորդ նախագահի ազատ արձակման եւ երկրում իրավակարգի վերականգնման համար։ Դա կիրականացվի բացառապես քաղաքական եւ օրինական մեթոդներով։ Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը