Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ չեն սպասվում: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին։ Լրագրողները հետաքրրքվեցին՝ արդյոք նման հարց քննարկել են վարչապետի հետ, նախարարը բացասական պատասխան հնչեցրեց։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, որոշումն անհատական է եղել. «Չեմ կարող մեկնաբանել Վանեցյանի հրաժարականը, որովհետև դա անհատական որոշում է: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև մեկնաբանությունները դա իր իրավասությունն է և ես կարծում եմ Վանեցյանը դա կանի ժամանակին»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Վանեցյանի հրաժարականը վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք է, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ առանց տարաձայնությունների հրաժարական չի լինում»:
Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։
«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - նշեց պաշտպանության նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրեն հայտնի չէ նաև Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:
Հարցին, թե տեղյակ է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին Տոնոյանը պատասխանեց. «Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը