17 09 2019

100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան

100 փաստերի տակ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին. Արմեն Աշոտյան

Փաշինյանի կողմից ներկայացված այսպես կոչված 100 փաստերը ցույց տվեցին, որ այդ փաստերի տակ իրականում մեծամասամբ անլուրջ կամ տեխնիկական բնույթի տեղեկատվություններ էին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, վարչապետն ամեն անգամ փորձում է ներշնչել, որ մենք ապրում ենք ուրախ ու երջանիկ երկրում, որ կառավարությունն աշխատում է օր ու գիշեր, բայց դա քննադատության չի դիմանում. «Հավատացեք նրան, ինչ տեսնում եք, իսկ դուք տեսնում եք ապիկար կառավարում վերից վար, բախվում եք պետական մարմիններում քաոսի, բարդակի: Կառավարման որակը կտրուկ իջել է»,-ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ասուլիսում ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ ընդամենը մեկ անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը. «Այսինքն վարչապետն ու կառավարությունը իրենց ողջ ստեղծագործական, գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են միայն մեկ փաստ ներկայացնել արտաքին քաղաքականության մասին: Այդ փաստն էլ ԵՄ-ի կողմից այս տարվա համար լրացուցիչ հատկացված 35 մլն եվրոյի մասին է:

Զավեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չկան փաստեր արտաքին ձեռքբերումների մասին՝ կապված ՌԴ-ի, Իրանի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի հետ հարաբերությունների հետ: Երեկվա շարանի մեջ արտաքին քաղաքական տկլորությունը աչքի էր զարնում:

Շուտով կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման երկրորդ տարին, որեւէ լուրջ, բեկումնային, արագընթաց տեղաշարժ չկա: Փաստորեն, երկու տարվա մեջ այդ համաձայնագիրը չի վավերացվելու, լավագույն դեպքում կվավերացվի հաջորդ տարի:

ՌԴ-ի հետ հարաբերություններում բացառապես կնճիռներ են կուտակվում»:

ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ վարչապետն իր ասուլիսում գեթ մեկ անգամ չանդրադարձավ Արցախի հարցում իր խոստմանը, որ Արցախը վերադարձնելու է բանակցային սեղան. «Նա չանդրադարձավ, թե որ փուլում է այս խնդիրը, ինչու չի լուծվում, իսկ չլուծելու դեպքում ինչու չի ընդունում, որ տվել է հերթական սուտ խոստումը»:

«Նիկոլ Փաշինյանն այն վատ մեքսիկական սերիալների սցենարիստների նման չի հասկանում, որ կոռուպցիայի մասին սցենարը, այդ սերիալը պետք է փակել, որովհետեւ զարգացման լուրջ սյուժե չունի: Հիմա էլ ուզում է հանգիստ թողնել Սաշիկ Սարգսյանին եւ թիրախավորել է Սերժ Սարգսյանի ընտանիքի այլ անդամներին: Վստահաբար կարող եմ ասել, որ ելքը ավելի չի լինելու, քան Ալեքսանդր Սարգսյանի դեմ վարվող եւ ոչ մի բանով չավարտված 1,5 տարվա կոռուպցիոն կեղծ բացահայտումները:

Նիկոլն այլեւս նույնիսկ ջանք չի գործադրում, որ ստերի, փուչիկ-մանիպուլյացիաների որակը քիչ թե շատ մարսելի լինի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ