17 09 2019

Մեզ նոր ցնցումներ են սպասում մինչև վերջնական հանգուցալուծում․ կարծիք

Մեզ նոր ցնցումներ են սպասում մինչև վերջնական հանգուցալուծում․ կարծիք

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․

 «Հանս-Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթում, աներեւույթ բայց թանկ «զգեստ» կրող արքան իր շքախմբի հետ երկար ճեմում է սեփական քաղաքի փողոցներով, հպատակների ամբոխի հիացական բացականչությունների ներքո, մինչեւ վերջապես մի մանչուկ պատռում է կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը, եւ սկսում է գոռալ, որ արքան մերկ է։

Դանդաղ, բայց հետեւողական, մարդիկ սկսում են ուշքի գալ, եւ բնականաբար, պատճառաբանություններ որոնել, թե ինչպես իրենք կարող էին չնկատել այդպիսի մի ակնհայտ բան, իսկ «մերկացված» արքան էլ անփառունակ հեռանում է։

Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռեւս անցյալ տարվա կեսերից, ոմանց՝ էլ ավելի շուտ։ Այն, որ այդ մերկությունը վաղ թե ուշ ակնհայտ է դառնալու բոլորին, եւս կասկած չէր հարուցում։ Դրա մասին խոսում էին բազմաթիվ իրատես «մանչուկներ», բայց մեր բարեսիրտ մարդկանց մեծ մասը վանում էին իրենցից այդ միտքը՝ չէ որ «թավշե արքան» վերջին հույսն էր՝ նախկինների ռեժիմը անվերադարձ մերժելու, անխտիր բոլոր մեղավորներին պատժելու, թալանած բոլոր փողերը հետ բերելու, եւ ի վերջո՝ մեր տառապած երկրում հավերժական արդարության արքայություն հաստատելու։

Այն, որ այս ամենը պրիմիտիվ ուտոպիա է, մանրամասն նկարագրված Ջորջ Օրուելի եւ Այն Ռանդի խորաթափանց գրքերում, շատերի համար էական չէր (շատերը թերեւս այդ գրքերը չէին էլ կարդացել, բայց նույնիսկ կարդացողներն էին մոռացել)։ Այն, որ այս ամենի միջով աշխարհի բազմաթիվ երկրներ են անցել, եւ եկել նույն դառը հետեւանքների (վկան՝ Կուբան կամ Վենեսուելան), եւս էական չէր։

Այն, որ այս ամենը կարող է նաեւ ողբերգական ավարտ ունենալ, մարդիկ առավել եւս փորձում էին իրենցից հեռու վանել՝ ինչպես կարող է վատ վերջանալ մի բան, որ այդպես լավ էր սկսվել (թեեւ մեր հետ դա բնավ առաջին անգամ չի տեղի ունենում, բավական է հիշել ՀՀՇ թռիչքն ու անկումը)։

Մարդիկ պատրաստ են համառորեն կառչել իրենց պատրանքներից, եւ չտեսնել իրականությունը, դա, ցավոք, ժամանակակից աշխարհում տարածված պարադոքսալ իրողություն է։

Երեկ սակայն, այդ կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը պատռեց ոչ թե եւս մեկ հերթական «մանչուկ», այլ գործող իշխանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ ամենազոր ԱԱԾ պետը։ Նա ոչ միայն ասեց, որ «արքան» մերկ է, այլեւ որ ինքը այլեւս չի կարող գտնվել այդ «արքայի» կողքին, քանի որ մերկ, բայց ինքնահավան ու ինքնասիրահարված այս շարասյունը տանում է մեր պետականությունը դեպի անկառավարելի փորձություններ։

Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա այս կոշտ ապահարզանը, դրանում օտարերկրյա հետք տեսնելով (թերեւս այն կա), կամ սեփական քաղաքական ամբիցիաներին վերագրել (եւս չի բացառվում), սակայն հիմքում մի ակնհայտ փաստ է՝ «թավշյա» իշխանության խոհանոցում հայտնված հայ կադրային սպան ի վերջո գիտակցել է այդ իշխանության ողջ «մերկությունը»՝ մակերեսայնությունը, կարճատեսությունը, կամակորությունը, անհետեւողականությունը, թերեւս նաեւ այն օտար ազդեցությունները, որոնք կան այդ իշխանության վրա, եւ որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է, եւ որոշել է այս փուլում լվանալ ձեռքերը, ապագայում իրեն գործողությունների ազատություն թողնելու նպատակով։

Ի՞նչ է տեղի ունենալու հիմա։ Իշխանության առաջին արձագանքը լինելու է մերժողական (եւ արդեն եղել է), փորձելով նվազեցնել այս իրադարձության դերը եւ կարեւորությունը, «ինքդ ես մերկ» պիտակավորում իրականացնել, բացահայտելով հեռացող ԱԱԾ պետի մասին «պիկանտ» դրվագներ, եւ այլն։

Սակայն ակնհայտ է, որ այս հրաժարականը արդեն իսկ շոկային ազդեցություն է թողել ողջ իշխանական համակարգի վրա, եւ որ նրան հետեւելու են այլ հրաժարականներ՝ մի կողմից, սկսելու են հեռանալ պետական կառույցում մնացած այն խելամիտ գործիչները, որոնք հասկանում են, որ այս իշխանությունը գնում է ինքաոչնչացման ճանապարհով, եւ նրա կողքին մնալը այլեւս հղի է ծանր հետեւանքներով։ Մյուս կողմից, փախնելու են նաեւ այն նորելուկ «քաղաքական առնետները», որոնք մեկ տարի առաջ իրենց համար տեսան սրընթաց քաղաքական կարիերայի հնարավորություն, սակայն որոնց հույսերը հիմա արագորեն ի դերեւ են գալիս։

Իշխանությունը դրան պատասխանելու է հռետորաբանության կոշտացմամբ, խաղի մեջ է մտցնելու ակնհայտ մարգինալ ուժեր (որոնք եւս խիստ ակտիվացել են վերջին շաբաթներին), փորձելու է գնալ ռեպրեսիաների եւ էլ ավելի հոգեցունց քայլերի, հասարակության արմատական հատվածը եւս մեկ անգամ իր շուրջը համախմբելու, եւ անկասելի անկումը կանխելու համար։ Սա կարող է ավարտվել արագ, կամ ձգվել երկար, բայց արդեն ակնհայտ է, որ առաջիկա օրերին եւ ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչեւ վերջնական հանգուցալուծում։

Ի՞նչ ենք անելու այս իրադրությունում մենք։ Մեզ համար կարեւորագույն ազգային արժեքը մեր պետականությունն է, եւ մեր նպատակն է թույլ չտալ, որ այս իշխանությունը, օգտագործելով հասարակության մեջ կուտակված արդար դժգոհությունը նախկին իշխանությունից, խարխլի այդ պետականության բուն հիմքերը, ինչպես նա տարբեր ձեւերով փորձում էր անել վերջին մեկ տարվա ընքացքում։

Մեր նպատակն է նաեւ, որ այս իշխանության անխուսափելի հեռացումը ապագայում չբերի մեր պետականության համար անշրջելի կորուստների, տեղի ունենա խաղաղ եւ օրինական, եւ բերի երկրում ժողովրդավարական հասարակարգի եւ օրինականության ամրապնդման, այլ ոչ թե դիկտատուրայի եւ ռեպրեսիաների նոր ալիքի, կամ պատերազմի նոր սրացման։ Ուստի մենք աշխատելու ենք համախմբել մեր հասարակության պետականամետ, առողջ եւ իրատես հատվածը, ինչպես նաեւ համագործակցել այլ առողջ եւ իրատես ուժերի հետ, հակազդելու այս իշխանության հետագա արկածախնդիր դրսեւորումներին, եւ ապագայում նաեւ խաղաղ անցում կատարելու դեպի «հետհեղափոխական» կառավարման ժամանակաշրջան։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ օր, եւ սթափ ու իրատեսական մտքեր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ