13 09 2019

Կեցցե՞ նոր Պապին

Կեցցե՞ նոր Պապին

Top-news.am-ը գրում է․ «Հակաքոչարյանական փողոցային պայքարի իմիտացիան դրվել է ՀԱԿ-ի վրա։ Վարչապետ Փաշինյանն այն վիճակում չէ, որ կարողանա փողոց հավաքել։ Ավելին՝ նա ինքն ունի մի քանի հակափողոցներ, որոնց դեմը չի կարողանում առնել։ Նա ամեն կերպ խուսափում է նման նախաձեռնություններից։ Հենց այդ պատճառով այդ ամենաանպատվաբեր գործը դրվեց ՀԱԿ-ի վրա։ 

Մեր տեղեկություններով, դրա համակարգողը Փաշինյանի խոսնակ, իսկ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Վարդան Օսկանյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է։ Ամենայն հավանականությամբ նա լուծում է երկու խնդիր։ Նախ՝ միավորներ հավաքել Փաշինյանի մոտ, արդարացնելու համար սեփական գոյությունը, երկրորդ՝ վերցնել ՀԱԿ կառավարումը։

Ըստ էության ՀԱԿ-ի ժողովուրդը հասկանում է, որ Պապին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի կարող ունենալ որեւէ քաղաքական հեռանկար, եւ վերջնակապաես չկործանվելու համար անհրաժեշտ է նոր Պապի։

Վլադիմիր Կարապետյանն էլ հենց այդ նոր Պապիի հայտն է ներկայացնում։ Նման մի քանի էժան ակցիաներից հետո, ունենալով Փաշինյանի համաձայնությունը Վլադիմիր Կարապետյանը հանգիստ կարող է ՀԱԿ-ի ժողովրդին ասել, որ սա է « մեր ազնի ցեղը» կործանումից փրկելու միակ ճանապարհը։ Սա իհարկե, որեւէ նկատելի հեռանկար չի բացի ՀԱԿ-ի համար, բայց կուսակցության կնիքը եւ բլանկը կարող է հայտնվել Վլադիմիր Կարապետյանի ձեռքում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործվել անձնական նպատակներով։

Մեր տեղեկություններով, ի դեպ, վերջին ամիսներին, նրանք ովքեր հանդիպում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ասում են , որ առաջին նախագահը բոլորին ասում է, որ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման, եւ որ այդ գործընթացը պետք է օր առաջ կանգնեցնել։ Պնդում ենք, մեր տեղեկությունը ստույգ է, իսկ այդ դեպքում զուտ մարդկայնորեն ցանկալի չէ հավատալ, որ այդ բառերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանին դուր գալու համար կարող է ինքնուրույն եւ ինքնակամ կազմակերպել ինտելեկտով չծանրաբեռնված տասնյակների փողոցային ակցիաներ։ Մյուս կողմից՝ ինչ իմանաս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ