«Արմենպրես»-ը գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` այդ թվում «Իստիգլալ», «ՊԿ» և «ՍՎԴ» զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:
Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը