«Երբևէ այսքան առարկայական չի եղել ընդդիմության գործը, և երբևէ ընդդիմության քաղաքակագիտական ֆունկցիայի հետ ընդդիմության գործը չի համընկել, ինչպես հիմա է։ Այդ ֆունկցիան է՝ չթողնել, որպեսզի իշխանությունը կամայականություններ գործի պետության ղեկի հետ, որպեսզի պետությունը վթարի մեջ չընկնի ու հարվածներ չստանա։ Դա առաջին խնդիրն է այսօրվա ընդդիմության, որը դեռ միավորված չէ, ֆորմատներ դեռևս չունի, համաձայնագրեր ու պայմանագրեր իրար մեջ չունի։ Թեկուզ ցանցային, հատվածական կերպով, բայց պետք է պահպանի պետության անվտանգությունը՝ բառի լայն իմաստով»,- Yerevan Today-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով ընդդիմության անելիքի մասին հարցին։
Դիտարկմանը, ընդդիմությունը միավորված չէ, սակայն արդեն առաջնորդի անուններ են նշվում․ օրինակ՝ «Ադեկվատ» կուսակցության նախագահն ընդդիմության լավագույն առաջնորդ է համարել Միքայել Մինասյանին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Նախևառաջ շնորհավորում եմ «ադեկվատներին»՝ կուսակցության հիմնադրման կապակցությամբ։ Նախագահ Քոչարյանը վերջին հարցազրույցում բավականին առարկայական իր տեսլականը ներկայացրեց առ այն, որ ընդդիմությունը գուցե միանգամից չմիավորվի, բայց լինելու են ձգողականության կենտրոններ, որոնք ամեն մեկը իր հերթին իր աշխատանքն է կատարելու՝ թույլ չտալու համար, որ իշխանությունը պետության նավը կործանի։ Այնպես որ, շնորհավորում եմ նոր քաղաքական միավորին և բարի երթ մաղթում։
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդի փնտրտուքին, պետք է ասեմ, որ դա վաղաժամ է, եթե չասեմ՝ չափազանց վաղաժամ։ Մենք ունենք ընդդիմադիր կենտրոններ և շարունակում ենք ընդդիմադիր կենտրոնների ձևավորման ականատեսը լինել, և մենք առայժմ չունենք միավորումներ, չունենք լիդերների վերաբերյալ միասնական կարծիքներ։ Այսինքն, այդ կենտրոններից յուրաքանչյուրն իր լիդերին է տեսնում կամ, ասենք, երկու-երեք կենտրոն միասնական իրենց լիդերին են տեսնում ընդհանրապես ընդդիմության առաջնորդ։
Այնպես որ, կարծում եմ, խոսակցությունները չափազանց վաղաժամ են։
Պետք է աշխատել և պետք է կատարել այն ֆունկցիան, որի մասին քիչ առաջ ասացի՝ ամեն ինչ անել, որ ապաշնորհ և բավականին պրիմիտիվ մոտիվացիաներ ունեցող իշխանությունը մեր պետականության նավն այս կարճ ժամանակահատվածում չտապալի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը