ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է․
«Օր չկա, որ ժողովրդի վարչապետը գործով չապացուցի այն պնդումները, որ իր թիմակիցներին ու ենթականերին հատ-հատ փուռն է տալիս: Ահա և հերթական օրինակը. Նիկոլ Փաշինյանի գրպանային ուժերն ամեն ինչ անում են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրի շուրջ ստեղծված այս գերլարված շրջանում թեման գցեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրպանը: Եվ, սա արվում է հրապարակայնորեն` մամուլով: Իսկ ամենածիծաղելին այն է, որ Ավինյանի ֆեյքերն էլ հակադարձում են` ինչու՞ եք Ավինյանի վրա գցում, առանց Նիկոլի ոչ մի խնդիր չի լուծվում: Ավաղ, սա է օրվա իշխանության որակն ու դիմանկարը:
Նորից եմ հիշեցնում. սիրելի Աժ պատգամավորներ, Ձեզ որ հրահանգում են վեր կենալ ու Սահմանադրական դատարանի և ՍԴ նախագահի մասով հնարավորինս սուր, բայց և հնարավորինս անպատասխանատու հայտարարություններ անել, անձեռնմխելիությունը կորցնելուց հետո դատվելու եք: Դուք էլ գիտեք, որ ձեր ամեն մի դուրս տվածի հետ կապված հիմա արդեն քրեական գործերի նախագծեր են կազմվում և պատասխանատվությունից չեք խուսափելու: Լավ հիշեք սա:
Սիրելի ուժայիններ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը տեսա՞ք, թե ոնց փուռը գնաց: Ժողովրդի վարչապետը ձեզ է մոտենում, հերթով-շարքով-կարգով բոլորդ էլ փուռն եք գնալու: Չեք հավատու՞մ, մի քիչ սպասեք և կհամոզվեք:
Սիրելի գործարարներ, եթե ձեզ թվում է, թե տարատեսակ բարեգործական հիմնադրամներին գումարներ մուծվելով և կուսակցական գրասենյակներ ֆինանսավորելով` ինդուլգենցիա եք ստանում, ապա ձեզ պետք է հիասթափեցնեմ. բոլորիդ հետևից ժողովրդի վարչապետը հատ-հատ գալու է, և բոլոր եղած ու չեղած գործերով ձեր վրա կացին է կախելու, որովհետև դուք գործ եք բռնել մարդկանց հետ, որոնց համար պայմանավորվելն ու քցելը ձեռագիր է, վարքագծի կանոն է: Երևի տեսնում եք, թե ձեր որոշ «պայմանավորված» գործընկերների հետ հիմա ինչ է կատարվում: Մի քիչ սպասեք, ձեր հերթը նույնպես մոտենում է:
Սիրելի կառավարության անդամներ, ձեր ոլորտներում առկա գլխավոր խնդիրները ջարդվելու են անձամբ ձեր գլխներին: Հո՞ ժողովրդի վարչապետը չի լինելու պատասխանատու բացթողումների համար, դուք եք լինելու պատասխանատու և դուք եք փուռը գնալու, ի դեպ` ստորացվելով:
Հարգելիներս, ականջներիդ օղ արեք` դուք բոլորդ պատրաստի մատաղացու ուլեր եք: Իմացեք սա ու այդ դեմքով ամեն օր գնացեք աշխատանքի: Ամեն մի նոր օրինակի հետ կապված հանդես կգամ հերթական հիշեցմամբ: Լավ մնացեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը