Panorama.am-ը գրում է․ «Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը երբեմն կարոտում է իր ընդդիմադիր «վախտերը», երբ ձվի մեջ մազ էր փնտրում՝ իշխանությունների քննադատության ռեժիմն օր անգամ չընդհատելու համար։ Իսկ հիմա, իր կառավարությունն անծայր-անսահման քննադատությունների առիթներ է տալիս, բայց չկա այն Նիկոլը, որ մեկին հարյուրն ավելացրած՝ պատռի իշխանությունների դեմքն ու դիմակը․․․
Ստացվում է, որ անփոխարինելի՞ է ընդիմադիր Նիկոլը։Առերևույթ գուցև այդպիսի տպավորություն լինի։ Իսկ իրականում ներկայիս քննադատողներն ու քննադատություններն անհամեմատ ավելի խորքային են ու հիմավորված, քանի որ խոսքն արդեն պետության անվտանգությանն է վերաբերում, և հենց Նիկոլ Փաշինյանն է պետականության համար 1 վտանգը՝ իր ոչ կոմպետենտությամբ և հոգեբանական անլիարժեքությամբ։
Անիմաստ է ԱԺ-ում ընդդիմադիր կեցվածք ընդունածներին իրական ընդդիմություն համարել, չնայած չի բացառվում, որ շուտով խորհրդարանում ևս իրար գլխի կհավաքվեն հայրենիքի ճակատագրով իրոք մտահոգ պատգամավորները։
Իրական ընդդիմությունն այժմ խորհրդարանից դուրս է, դեռևս լիովին չկազմակերպված, բայց օրեցօր ավելի ուրվագծվող «կոնսենսուս մինուս 1»-ով, արդեն ավելի ու ավելի միասնական գնահատականներով ու պահանջներով։ Բայց մեծ հարց է՝ լսող կա՞ արդյոք հայրենանապաստ խոսքը, անկախ այն բանից, թե որտեղից է այն հնչում։ Թերևս ոչ։Ընդհանրապես, իշխանությունների կողմից հետաքրքիր միտում է նկատվում քննադատություններին արձագանքելու հարցում՝ վարպետորեն խուսանավել և խոսքը կտուրը գցել։ Երևի ընդդիմադիր ժամանակներից եկած փորձառություն է ՝ «շունը կհաչի, քարվանը կքոչի»։ Նախկինների նման մտածում են՝ անունը ժողովրդավարություն է, թող խոսեն ինչ ուզում են ու ինչքան ուզում են։
Սակայն, մյուս կողմից, չէ՞ որ հենց ընդդիմությանը լուրջ չվերաբերվելը նպաստեց «թավշյա» իշխանափոխությանը։ Ջայլամային քաղաքականությունը ոչ մեկին երկար ժամանակով չի փրկել, վաղ թե ուշ ստիպված ես լինելու առերեսվել իրականությանը․․․․․․
Եվ հստակ բացատրել՝ ո՞նց կարող է պետության ղեկավարն ընդունել ահաբեկիչների և քննարկել նրանց հետ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել սորոսյան գրասենյակի պատասխանատու աշխատող Գարեգին Չուքասզյանի և ռուսական 102-րդ բազայի մոլի թշնամի Ժիրայր Սեֆիլյանի հետ․․․
Ակամա մտածում ես, Փաշինյանը՝ հասկանալով, որ ՀՀ Ոստիկանությունն ու Զինված ուժերը պետք եղած դեպքում ժողովրդին տանկի տակ չեն տրորի, որպես պահեստային տարբերակ է պահում մի կառույցի , որի անդամներն անվրդով կարող են մարդ սպանել։ Հետաքրքիր է, ի՞նչ են զգում ոստիկանները, երբ պետության ղեկավարի կողմից քամահրանքի են արժանանում․օրինակ մարտիմեկյան փոխահատուցում նրանց չի հասնում կամ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանները զոհ չեն համարվում։ Պարզ չի՞, որ հատկապես սպաները շատ լավ էլ գիտակցում են ամեն ինչ։
․․․ Հարկ կլինի բացատրել նաև մեկ այլ հարց․ ո՞նց կարող է կառավարությունն այնքան մարդատյաց գտնվել, որ հաստատի Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Երեխաների քաղաք» կառուցելու ծրագիրը։ Գետո՞ եք սարքում։ Գեղեցիկ ձևակերպումների տակ իրականում մեկուսացվում են առանց այդ էլ լուրջ խնդիրներով մարդիկ, որոնց մեծագույն մխիթարությունն իրենց հասարակության լիիրավ անդամ զգալն է։
Անկախ Հայաստանի կարևոր ձեռքբերումներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց աստիճանական ինտեգրումն էր հասարակության մեջ։ Այս որոշմամբ ջուրն է նետվում տասնամյակների տքնաջան աշխատանքը։ Ինչո՞ւ․․․ միայն նրա համար, որ մեզ նմա՞ն չեն։Նույն մոտեցմամբ կարող ենք ասել, որ թավշյա իշխանավորներն էլ կարգին հայի նման չեն, կառավարել չգիտեն, և ընդունած օրենքներն ու ընտրած ուղին էլ հայրենիքին օգուտ չեն բերում․․․ հետևապես և կառավարությանն էլ պետք է մեկուսացնել։
Կարելի է օրինակ հատուկ գետո ստեղծել՝ այսօրվա իշխանավորներով, աղանդավորներով, ԼԳՏԲ-ներով, ահաբեկիչներով, սորոսականներով և «ժողովրդով», որը բաղկացած կլինի հաստատուն կազմով բողոքող բրիգադից և թելադրած կոչերը ծղրտացող կնանիքից։ Որոշ ժամանակ անց կերևա, թե ուր կհասնեն իրենց ընդունած օրենքներով․․․ Իսկ գետոյից դուրս բոլորի համար դաս կլինի՝ ահա թե ինչպես չի կարելի պետություն կառավարել»։
Լիա Իվանյան, հրապարակախոս
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը