«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում»:
Այս մասին սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՌԴ-ն չի արտահանձնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նախկին մի քանի պաշտոնյաների, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի չարտահանձնումը դեսպանը նույնպես քաղաքական հարթությունում չի դիտարկում`հղում անելով այն հանգամանքին, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է:
Դեսպանը քաղաքական ենթատեքստեր չի տեսնում նաև ռուսական ԶԼՄ-ների`հայկական իրադարձությունների անրադարձերում և դրանք պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշման հետ չի կապում:
«ՌԴ–ի պաշտոնական դիրքորոշումը մեզ հայտնի է»,- ասաց դեսպանը:
Դեսպանն արտառոց ոչինչ չի տեսնում նաեւ «մարտի 1»-ի գործով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Կրեմլի կողմից շնորհավորելու մեջ և Քոչարյանի գործով ՌԴ-ից եկող ազդակները չի համարում ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը