Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լճի կղզին, որը նախկինում փակ էր ցանկապատով, այժմ բաց է քաղաքացիների համար։ Առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եղել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփիի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարապի լճի կղզուց ֆեյսբուքյան ուղիղ եթերում է եղել՝ «փոքրիկ, բայց նշանակալի իրադարձության մասին պատմելու համար»։
«Քայլում էինք Կարապի լճի շրջակայքում եւ տեսանք, որ լճի հայտնի դարպասը, կողպված է, հետո հանդիպեցինք հայտնի երաժիշը Վահագն Հայրապետյանին, որը և Աննան հավաստեցին, որ կղզին միշտ բաց է եղել սիրահար զույգերի համար։ Զարմանքով արձանագրեցինք, որ փակ է, և ես ոչ այնքան հին երեւանցի միանգամից խորհրդակցելով հին երեւանցիների հետ, որոշեցի դիմել Երեւանի քաղաքապետին, թե ինչու է կղզու դռնակը փակ։ Երեւանի քաղաքապետը շատ արագ ճշտումներ արեց եւ ասաց, որ ինչ-որ հիմնավորումներ կան, որոնք իր կարծիքով՝ այդքան էլ արդարացված չեն, եւ Երեւանի քաղաքապետը մեր միջնորդությամբ որոշում կայացրեց Կարապի լճի կղզու դռնակը բացել, եւ մենք հիմա երկարատեւ ընդմիջումից հետո առաջին այցելուններն ենք Կարապի լճի կղզու»,- նշեց Փաշինյանը։
Վահագն Հայրապետյանը նշեց, թե «մարդիկ ուրախանում են, որ ձեզ տեսնում են», ինչին Փաշինյանը կատակով պատասխանեց՝ «բայց ուրախանո՞ւմ են, թե՞ ասում են՝ արա փոխանակ գնաք, գործով զբաղվեք, սաղ օրը փողոցը թրև եք գալիս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը