22 08 2019

Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ․ Դավիթ Շահնազարյան․ 168.am

Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ․ Դավիթ Շահնազարյան․ 168.am

168.am-ը գրում է․

«168.am-ը արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի երրորդ հատվածում զրուցել է վերջերս նրա ԱՄՆ կատարած այցի օրակարգի և աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ:

– Պարոն Շահնազարյան, անդրադառնանք Ձեր այցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ակտիվ հանդիպումներ եք ունեցել իշխանության և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ինչպիսի՞ն էր Ձեր այցի օրակարգը և ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել դրա ընթացքում:

– Օրակարգը հենց այդ հանդիպումներն էին: Վաղուց չէի եղել Վաշինգտոնում: Փորձել հասկանալ, ըմբռնել Միացյալ Նահանգների քաղաքականությունը մի քանի ուղղություններով, մասնավորապես՝ հարավկովկասյան տարածաշրջանի, Հայաստանի: Եկեք ես չկոնկրետանամ և ներկայացնեմ ընդհանուր տպավորություններ, որոնք կարող են և ճշգրիտ չլինել:

Առաջինը՝ Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, առաջնահերթություն չէ:

Երկորրդը՝ Միացյալ Նահանգները՝ Վաշինգտոնը, Հարավային Կովկասի երեք պետությունների նկատմամբ տանում է բոլորովին տարբեր քաղաքականություն, և այստեղից՝ հետևություն, որ աշխարհագրական առումով իրենք սա տարածաշրջան չեն համարում:

Երրորոդը՝ հատկապես Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի շրջանակների՝ թե՛ իշխանության, այսինքն՝ պաշտոնյաների, թե՛ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների կողմից դիտարկվում են՝ որպես Իրանի հյուսիս ընկած տարածքներ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ տարվող քաղաքականության կոնտեքստում:

Ես ինքս մի քանի հարցեր եմ բարձրացրել՝ մասնավորապես երկկողմանի հարաբերությունների առնչությամբ, քանի որ, իմ գնահատականով, մեղմ ասած, դրանք անբավարար վիճակում են գտնվում: Ինձ համար չափազանց մտահոգիչ էր, որ ԱՄՆ-ը շեշտակի կերպով մեծացրեց Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը: Նրանք փորձում էին բացատրել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, ես հակազդում էի, որ այդ օգնությունը նախատեսված է Ադրբեջանի սահմանապահ զորքերի համար, իսկ Հայաստանի հետ սահմանին՝ հյուսիսարևելյան հատվածում, հենց այն սահմանապահ զորքերն են կանգնած, որոնք կատարում են ոչ թե սահմանապահի, այլ բանակային գործառույթներ:

Այնտեղ ասվում էր, որ դեռ սպասում են բարեփոխումների: Երկկողմանի օրակարգի շուրջ քննարկումներ տեղի ունեցան, քանի որ, անկեղծ ասած, ինձ համար պարզ չէ, թե ինչ օրակարգ կա այդ հարաբերություններում: Ես ինքս մի քանի կետ առաջարկել եմ, իմ անձնական տեսանկյունից, որպեսզի լինեն օրակարգում: Իհարկե, դրանք ներկայումս չեմ նշի:

Արդեն իմ այցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել ԱՄՆ օժանդակությունն Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքներին: Կարծում եմ, որ սա ուղղակիորեն արձագանք է ՀՀ կառավարության որոշմանը՝ զորախումբ ուղարկել Սիրիա: Այն ժամանակ ևս մամուլում խոսել եմ, որ դա սխալ որոշում էր, որ ՀՀ-ն պետք է կարողանա իր ռազմավարական գործընկերոջը բացատրել, թե ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը: Վերջերս ամերիկյան հեղինակավոր փորձագետ Փոլ Սթրոնսկին ևս անդրադարձել էր այս հարցին: Փոլ Սթրոնսկու հետ ևս այս հարցը քննարկել եմ: Դեռ անցյալ տարի մամուլում ես ասել եմ, որ նման քայլով, ի թիվս այլ վտանգների, կա մի շատ լուրջ վտանգ՝ թե Հայաստանը, թե մեր Սփյուռքի համայնքները, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, կարող են դառնալ իսլամական տարբեր ահաբեկչական խմբերի թիրախ: Սա, կարծում եմ, լուրջ սպառնալիք է: Ես արդեն չեմ ցանկանում նույնիսկ խոսել այն մասին, որ դա օրենքով չարվեց, օրենքի կոպտագույ ն խախտմամբ արվեց, քանի որ զորախումբ ՀՀ-ից դուրս ուղարկելու համար պետք է առաջին հերթին միջազգային պայմանագիր և վավերացում ԱԺ-ով: Կարծում եմ՝ իշխանություններն ապագայում պատասխան են տալու այս քայլի համար: Բացատրությունները, թե սա հումանիտար նախաձեռնություն է, գիտեք, նույնիսկ անլուրջ էր ընկալվում իմ զրուցակիցների կողմից Վաշինգտոնում:

Իհարկե, բավական մանրամասն քննարկել եմ նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, իմ դիրքորոշումը ներկայացրել եմ, որ Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, և անկախ նրանից, թե ՀՀ-ում ինչ իշխանություններ կան, կամ ես ինչպես եմ վերաբերվում այդ իշխանություններին, ՀՀ-ն չի կարող Իրանի դեմ որևէ քայլ անել: Ինչ-որ շրջանակներում կար այդ ըմբռնումը, ինչ-որ շրջանակներում, չէի ասի, թե կար ըմբռնում այդ հարցի վերաբերյալ: Քննարկել եմ նաև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Իմ դիրքորոշումը ներկայացրել եմ, ինձ լսող շատերին գուցե իմ այս դիրքորոշումը զարմանք պատճառի՝ իմ տեսակետը շատ հստակ է, չգիտեմ՝ դա որքանով է համապատասխանում գործող կառավարության տեսակետին, ես միշտ վտանգավոր եմ համարել ռուս-թուրքական հարաբերություններում երկու իրավիճակ՝ երբ այդ երկու երկրները խորը հակասության մեջ են, գրեթե պատերազմական, և, երբ այդ երկու երկրների հարաբերությունները շատ սերտ են:

Մեր պատմությունը ցույց է տվել, որ այդ երկու իրավիճակն էլ վտանգավոր է մեզ համար: Ուստի Թուրքիայի հեռանալն Արևմուտքից ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ավելի է սերտացնում ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, որը մտավախություն է: Պարզ ասացի, որ ես վստահ եմ՝ ՀՀ շահերից չի բխում, որ Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառվեն ԱՄՆ-ի կողմից:

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը դա չի ուզում, բայց Կոնգրեսում՝ Ստորին պալատում և Սենատում, կան նման միտումներ, քանի որ Թուրքիայի պահվածքը տեսնում եք՝ ինչպես է: Ամեն դեպքում ՀՀ-ին ձեռնտու է, որպեսզի Թուրքիայն լինի կանխատեսելի և կայուն՝ անկախ նրանից՝ մենք ունե՞նք հարաբերություններ, թե՞ չունենք:

Ես կարծում եմ, որ որքան ավելի սերտ լինեն Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները, այնքան ավելի կանխատեսելի կլինի Թուրքիան: Շատերին գուցե սա զարմացնի, զրուցակիցներից մեկն ասաց, որ առաջին հայն եմ, որ նման տեսակետ եմ հայտնում:

Կարող եմ ավելացնել, որ դեռ քաղաքական որոշում չկա, թե ինչ է լինելու Իրանի հետ: Վաշինգտոնում սա հավանաբար ներկայումս ամենաթեժ թեման է, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Իմ տեսակետը հետևյալն է, որ եթե ռազմական գործողություններ լինեն, ռազմական առումով շահող չի լինելու, բոլորն էլ տուժելու են, իհարկե՝ տարբեր չափերով , իսկ քաղաքական առումով շահողը լինելու է Ռուսաստանը՝ էլ ավելի է մեծանալու Ռուսաստանի ազդեցությունը՝ պարզ է, որ Ռուսաստանն է լինելու միջնորդ, հանգուցային դերակատարություն է ստանձնելու, եթե բոլորը դրան համաձայնեցին:

Եթե հանկարծ այդ ռազմական գործողությունները սկսվեն, ցամաքային գործողություններ բացառում եմ, առայժմ Պարսից ծոցում է ընթանում տանկերային պատերազմ, մտավախությունս այն է, որ պատերազմական գործողությունները կարող են բռնկվել պատահականությունից, ոչ թե քաղաքական որոշումից, քանի որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում, թե որքան մոտ են կանգնած նավատորմերը, ծովային ուժերը: Այստեղ շատ վտանգներ կան, մինչև վերջ հաշվարկել հնարավոր չէ, կարող է շատ ծավալվել այդ պատերազմը, խաղացողների թիվը կարող է մեծապես ավելանալ, և այդ ֆոնի վրա, եթե հանկարծ ԼՂ հակամարտության գոտում սկսվեցին նոր ռազմական գործողություններ, հակամարտությունն ընդհանրապես կարող է եվրոպական անվտանգության համար մեծագույն սպառնալիք դառնալ: Ես իմ կողմից նույնիսկ առաջարկություններ եմ արել ոչ միայն ՀՀ-ԱՄՆ օրակարգի, այլև այն հարցի վերաբերյալ, թե ԼՂ հակամարտության գոտում ինչ զսպող դեր կարող են խաղալ միջնորդ երկրները՝ նույնիսկ առանց կողմերի հետ համաձայնության:

Իմ այցից առաջ պարզ դարձավ, որ այնտեղ լինելու է ՀՀ երեք պաշտոնական պատվիրակություն, իմ բոլոր հանդիպումները գրեթե արդեն պայմանավորված էին: Այնտեղ, իհարկե, առաջարկ և հնարավորություն կար ուղեղային կենտրոններից մեկում ելույթ ունենալու: Անկեղծ ասած, ես հրաժարվեցի, ես բազմիցս ասել եմ, Դուք գիտեք, չեմ սիրում ներքին խնդիրները քննարկել դրսի հանդիպումների ժամանակ, ուստի կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր:

Մի խոսքով, արդյունավետ էր, նոր մտահոգություններ, բայց նաև ես զգացի, որ չնայած ԱՄՆ-ը աջակցում է գործող իշխանությորններին, այսպես կոչված, կոռուպցիայի դեմ պայքարի գործում, թեև կոռուպցիայի դեմ պայքար ՀՀ-ում գոյություն չունի, կոռուպցիոն բոլոր նախկին մեխանիզմները պահպանվել, զարգացվել են, ստեղծվել են նորերը, նոր մեխանիզմներ է բերել այս Կառավարությունը, պարզ ասվեց, որ սպասում են բարեփոխումների: Բայց իմ համոզմամբ, այս իշխանությունների բարեփփոխումներ իրականացնելու ոսկե ժամանակն անցել է, իսկ կառավարման արդյունավետության մասին ես արդեն խոսեցի:

Ինչևէ, մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել՝ այն արտաքին քաղաքականությունը, որը քիչ թե շատ հաջող կերպով իրականացվում էր նախկին իշխանությունների կողմից, այսինքն՝ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, այս իշխանության օրոք գոյություն չունի: Մեկ անգամ ևս կրկնեմ, սա շատ լրջագույն հարց է՝ այս իշխանությունը որպես գործընկեր՝ որևէ տեղ չի ընդունվում՝ իր անկանխատեսելիությամբ, անհասկանալի լինելով, ծրագրերի իսպառ բացակայությամբ, և այլն, և այլն:

– Այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում Հայաստանն է և որը Դուք նկարագրեցիք, ՀՀ իշխանություններն ինչպե՞ս պետք է ձևավորվեն և կառուցեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ նվազեցնելով այն ռիսկերը, որոնք Դուք թվարկեցիք:

– Ես ասացի, որ պետք է ձևավորեն օրակարգ, որը ես չեմ տեսնում երկկողմ հարաբերություններում: Ես իմ տեսակետը ներկայացրել եմ:

– Ինչպիսի՞ օրակարգ:

– Ես չեմ ուզում ներկայումս ասել: Եթե Աստված անի, որ իմ առաջարկած կետերն ընդգրկվեն երկկողմ հարաբերություններում, ես երբեք չեմ ասի, որ նման կետեր եմ առաջակել, կարևորը, որ այս մակարդակը բարձրացվի, քանի որ ԱՄՆ-ը կարևորագույն գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, և դա չի նշանակում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, չնայած Ռուսաստանի կողմից նույնպես վստահություն չեմ տեսնում ներկայիս իշխանությունների նկատմամբ: Մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում, որը ես շատ համառոտ նկարագրեցի, իրավիճակն իրականում շատ ավելի ծանր է:

Պատրա՞ստ են արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն այս մարտահրավերներին: Ես ուզում եմ պարզապես հիշեցնել, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությամբ, նրան հարցրին՝ իսկ եթե Իրանում պատերազմ եղավ, պատրա՞ստ եք դրան, ասաց, որ հուսով է, որ չի լինի, ապա հարց եղավ, որ Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան լարվեն, որ Լարսը փակվի, պատրա՞ստ եք դրան, ասաց, որ հուսով է, որ չի լինի: Այդ պատասխաններն ինձ չեն բավարարում, քանի որ այդ մարմինը հենց նրա համար է, որ պատրաստ լինի այդպիսի իրավիճակներին, վստահ եմ, որ այդ լուծումները կան, պետք է պարզապես դրանց պատրաստ լինել:

Շատ կուզեի սխալված լինել, սակայն առայժմ տեսնում եմ, որ ՀՀ իշխանություններին դա շատ քիչ է հետաքրքրում, իրենց հետաքրքրում է բացարձակ պոպուլիզմը, այլ ոչ թե կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Չեն ուզում հասկանալ, որ հեղափոխականությունը չի կարելի տանել արտաքին քաղաքականություն, տանել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց:

Պետք է շատ հստակ հասկանալ, որ Հայաստանը պետություն է, ոչ թե ստարտափ: Շատ վիրավորական է, որ Հայաստան պետությունը համարում են ստարտափ: Մինչ հեղափոխությունն ինչ եղել է, դա եղել է շատ վատ, սկսում ենք զրոյական կետից:

Սա մի ոճ է, բանաձև է, որն ուղղակիորեն հարվածում է մեր պետականությանը, մեր պետական շահերին, այս մտածելակերպով, աշխարհայացքով՝ մեր համար նորանոր ներքին ու արտաքին սպառնալիքներ է ստեղծում այս իշխանությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ