ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, մեկնաբանելով ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի միջնորդությամբ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին տեղեկությունները, նշեց, որ վերջինիս հետ 5 անգամ հանդիպել է, բայց ԱԱԾ ղեկավարը կապ չունի այդ հանդիպումների հետ։
«Մենք հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր եւ պետք է բանակցեինք, որովհետեւ Արայիկ Հարությունյանը խորհրդարանում մեծամասնություն ունի, այս փաստաթղթերն ուղարկվելու է պառլամենտ, իրենց դիրքորոշումն ես հասկանամ։ Այսքան բան»,–նշեց նա՝ հավելելով, որ միասնական թեկնածու չի լինելու, քանի որ գաղափարական խնդիրներ կան։
Դիտարկամը, թե ինքն ու Արայիկ Հարությունյանը պատրաստվում են իշխանությունն ընտրություններից հետո բաժանել, Սամվել Բաբայանը նշեց, որ որևէ մեկի հետ չի բանակցել ինչ–որ բան կիսելու մասին։
«Ես ինչ խոստացել եմ մեր ժողովրդին, պարտադիր կատարելու եմ, թե ոնց, կգրանցեն, չեն գրանցի, մենք կգնանք մեր ճանապարհով, դու կտեսնեք։ Հատուկ վիճակ չկա, կա ընտրապայքար, քաղաքական ուժերը դիրքավորվում են»։
Սամվել Բաբայանը նաև ընդգծեց, որ Արցախում լարվածություն չկա. «Մենք ի՞նչ ենք արել լարվածություն ստեղծելու համար, օրենքը պահանջում է ստորագրահավաք անցկացնել, մենք անց ենք կացրել, հանձնել ենք փաստաթղթերը, սպասում ենք ընթացակարգին»,- եզրափակեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը