12 08 2019

Հակառակորդն է փորձել զսպել մեր ձեռքբերումները․ ՊՆ փոխնախարար

Հակառակորդն է փորձել զսպել մեր ձեռքբերումները․ ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գոհ է ամառային զորակոչի արդյունքներից։

«Մենք շատ վաղուց չէինք գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ. Նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի է եղել զորակոչը», -նշեց նա՝ հավելելով, որ զորակոչից բողոքները կտրուկ նվազել են։ «Մոտավորապես 60-65 տոկոսով նվազել են զորակոչի հետ կապված տարբեր բողոքները, որոնք եղել են նախորդ զորակոչերի ժամանակ։ Դա շատ լավ ու աննախադեպ արդյունք է»,- նշեց Գաբրիել Բալայանը։

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Բալայանը նշեց, որ վերջին երկու շաբաթներին հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են ինժեներական աշխատանքների կատարման պատճառով:

«Ինչպես հայտարարել ենք՝ դրանք հիմնականում ինժեներական աշխատանքների կատարման արդյունք են, երկկողմանի, շատ ինտենսիվ ընթանում են ինժեներական աշխատանքներ եւ մեր դիրքորոշումը ՊՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունն հետևյալն է, որ որևիցե կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ոչ միայն առաջխաղացում չունենա՝ դիրքային առավելության առումով, այլեւ ամրացնելու առումով»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ հայկական կողմի ինժեներական աշխատանքների արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ՝ հայաստանյան գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում։

«Եվ մեր վերջին լարվածությունը հենց դրա արդյունք է, որ հակառակորդն է փորձել որոշակի առումով զսպել մեր այն ձեռքբերումները, որոնք արդեն իսկ ունենք ու փորձում ենք ամրապնդել։ Եղանակի հետ կապված կարող է մառախուղ լինի, եւ դրա արդյունքում լինեն կրակոցներ։ Երեկ ես եղել եմ Խաչիկ գյուղի հատվածում եւ ասեմ, որ համեմատաբար հանգիստ էր։ Կրակոցները քիչ էին կամ գրեթե չկային։ Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ, բնակավայրերից այն կողմ գտնվող մարտական դիրքերում։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայկական ուժերի կողմից վերահսկելի է։ Կրակոցների քանակը սովորականի պես է»,– նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ