Ստեփանակերտում Համահայկական խաղերի տպավորիչ բացումից անմիջապես հետո BBC-ի ռուսաստանյան ծառայությունը ծավալուն հրապարակումով որոշեց անդրադառնալ «մարտի 1-ի» գործին, ընդ որում, բավական վտանգավոր և նենգ շեշտադրումներով: Լրատվամիջոցը, հղում անելով իր ձեռքն անցած ՀՀ ՀՔԾ-ի փաստաթղթերի վրա, առաջ է քաշում վարկած, թե 2008-ի մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Արցախից ժամանակ զինվորականները՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Ուշագրավն այն է, որ նույնիսկ ամբողջովին «կարված» քրեական գործում Արցախից ժամանած և ժողովրդի վրա կրակ բացած ստորաբաժանումների մասին խոսք անգամ չկա: Ինքը՝ Սամվել Կարապետյանը, պնդում է, որ իրենք այդ օրը եղել են Կառավարության շենքում և ոչ կրակել են, ոչ էլ մոտ եղել կրակոցներին:
Ծագում են հստակ հարցեր. ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ այդքան վտանգավոր ուղղորդմամբ։
Սա այն դեպքն է, երբ ԱԱԾ ունի հստակ անելիք, ի վերջո խոսքը գնում է բառիս բուն իմաստով մեր պետականության հանեպ քարոզչական դիվերսիայի մասին։ Ո՞վ է այս վտանգավոր հրապարակման պատվիրատուն, այն դրսի՞ց է, թե ներսի՞ց։ Ո՞վ է օր առաջ ուզում Հայաստան-Արցախ պառակտում տեսնել, որ հետո նոր հոդված գրի՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ....»։ Այս հրապարակման վերջնակետը սա է։
Երկու դեպքում էլ ՀՀ ԱԱԾ-ն անելիք ունի բացահայտելու, թե ով է կանգնած Հայաստանի պետականության, մեր ազգային շահերի դեմ ուղղված հրապարակման հետևում: Եթե այն ներհայաստանյան պատվիրատու ունի, ապա նա կամ նրանք պետք է արագ բացահայտվեն և ներկայացվեն հանրությանը, իսկ եթե դրսի անհայտ կամ հայտնի ուժեր են, ապա մենք պետք է միավորվենք ընդդեմ արտաքին թշնամու, որն ակնհայտորեն նպատակադրված ցանկանում է մեր երկրում ներքին թշամանք ու պառակտում մտցնել: Դրանից հետո պատերազմ, պարտություն և պատմական կորուստ մեկ քայլ է։
Առանձին տխուր թեմա է, թե ովքեր են ծափահարում BBC-ի ռուսաստանյան ծառայության հրապարակմանը, ովքեր են այն տարածում որպես բացարձակ ճշմարտություն: Մտահոգիչ է Հանրային հեռուստաալիքի պահվածքը, որի լրատվական ծառայությունն իր լուրերի գլխավոր թողարկումը սկսում է հենց այդ նյութից մեջբերումներ անելով, ընդ որում, կրկին այնպիսի շեշտադրումներով, կարծես բացարձակ ճշմարտություն է ներկայացնում:
Համահայկական խաղերի փայլուն և տպավորիչ բացումից հետո, որից կարկամել են Բաքվում, ոմանք ակնհայտորեն փորձում են մեզ պատասխան հարված հասցնել, իսկ մեր 5-րդ շարասյունը միշտ կազմ ու պատրաստ է։
Օտարերկրյա որոշ լրատվամիջոցներ մշտապես սպասարկում են այլ, այդ թվում նաև մեզ թշնամի երկրների շահերը, և չի կարելի նման հրապարակումը տիրաժավորել, ներկայացնել վերին ատյանի ճշմարտություն, անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այս կամ այն քաղաքական կամ զինվորական գործչին:
Մեր երկրի, ժողովրդի դեմ բացահայտ սադրանք է իրականացվել, որն ուղղված է մեր երկրի ազգային և պետական շահերին: Այս իրավիճակում մենք ոչ թե պետք է քամի փչենք մեր թշնամու հողմաղացին, այլ փորձենք սառը մոտենալ կատարվածին և խելամիտ հետևություններ անել։
ԱԱԾ-ն ամեն ինչ պետք է անի ներքին պատվիրատուի հայտնաբերման համար։ Մանավանդ, որ ընդամենը 30 տարի հետո մենք ունենալու ենք աշխարհի առաջին տասնամյակում գտնվող ԱԱԾ։ Ի վերջո ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարականը ուժի մեջ է։
Ի դեպ, BBC-ի ստոր հրապարակման նախօրեին ազատ արձակվեց ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որին երկու ամիս առաջ աղմուկ-աղաղակով կալանավորեցին ծանր մեղադրանք ներկայացնելով: Հեռտո պարզվեց, որ նա Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապ չունի: Վարկածներից մեկի համաձայն, բրիտանական լրատվամիջոցում տեղ գտած հրապարակումը Գեղամ Պետրոսյանի ազատ արձակման պատասխանն է:
Մի նայեք կատարվածին որպես սովորական հերթական մանիպուլիատիվ նյութ։ Սա շատ ավելի խորը և ավելի վտանգավոր գործընթաց է. սա դիվերսիա է մեր պետականության հանդեպ։ Եթե սա այսօր աշխատեց, վստահ եղեք՝ վաղը նման տասնյակ նյութեր են ծնվելու՝ մեկը մյուսից հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցներում՝ ու մեկը մյուսից՝ վտանգավոր։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը