06 08 2019

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները առանձնազրույց են ունեցել

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները առանձնազրույց են ունեցել

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ  ամառային խաղերի  շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների՝ վերջերս տեղի ունեցած համատեղ նիստի արդյունքների մասին: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերից մեկնարկող նոր նստաշրջանի ընթացքում երկու խորհրդարանների համագործակցությունն ավելի կակտիվանա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայկական երկու պետությունների միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը և նշել, որ աշխատանքներ կտարվեն բոլոր մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Խոսելով համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին՝ Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել միջոցառման անցկացումը Ստեփանակերտում՝ ազգային միասնության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և փոխգործակցության օրակարգում գտնվող այլ հարցերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ