04 08 2019

Վարչապետը պետք է հայտարարի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ կարծիք․ 168․am

Վարչապետը պետք է հայտարարի՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ կարծիք․ 168․am

«168 Ժամ»-ը գրում է․ «Օգոստոսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Սևանից ուղերձով էր հանդես եկել ու հայտարարել, որ օգոստոսի 5-ին` ժամը 19:00-ին, ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

«Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը: Եվ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, և ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և սիրով հրավիրում եմ բոլորիդ, քանի որ կարծում եմ՝ այդ օրը տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն:

Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, և այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝  կլինի շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,-մասնավորապես ասել էր նա:

168.am-ը այս հայտարարության, վարչապետի` արցախցիներին ուղղվելիք մեսիջների ու արցախյան ներքաղաքական լարվածության վրա հայաստանյան հետք լինելու հարցերի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ, արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի հետ:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օգոստոսի 5-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Դա անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների հանդեպ: Ճիշտ կլիներ, որ նա հայտարարեր, որ իրեն հրավիրել են ելույթ ունենալ: Հանրահավաք կարող են կազմակերպել միայն արցախցիները: Իհարկե, վստահ եմ, որ հրավերը կա. ուղղակի վարչապետը չի նշում այդ մասին` այդպիսով ցույց տալով, որ դա իր հանրահավաքն է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նա նաև նշեց, որ բանը հասել է նրան, որ իշխանությունների ամենամոլեռանդ պաշտպան լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել, որի վերնագիրն է` «Հանրահավաքում ելույթ կունենա նաև Բակո Սահակյանը». այդ «նաև»-ը Փաշինյանի ելույթին պիտի վերաբերի։

Արցախյան սպասվելիք ելույթի ուղերձների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի խոսքով` Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր  բաներ պետք է ասի` Արցախի հետ կապված, Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին:

«Կարծում եմ` մի քանի կարևոր դրույթներ կան, որոնց վերաբերյալ, եթե նա չխոսի, դա կնշանակի, որ վարչապետը շարունակում է իր քաղաքականությունը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում, որն, ըստ էության, ներկայիս իշխանությունների կողմից տապալված է»,-նկատում է Շահնազարյանը և հավելում, որ առաջին դրույթը, որի մասին Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի Արցախում, այն է, որ իրենք խնդիր են դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում վերականգնել նախկին օրակարգը:

«Խոսքը վերաբերում է Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնև օրակարգին, որը կապված էր բացառապես շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմն ապահովող միջոցառումների հետ: Երկրորդ. Փաշինյանը պետք է հայտարարի, որ պահանջելու են, որ եռանախագահողները, ինչպես նախկինում եղել է, պարբերաբար հայտարարեն, որ կարգավորման հիմքը միջազգային իրավունքի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքներն են։ Հիշեցնեմ՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն հայտնի սկզբունքները»,-ասաց Շահնազարյանը:

Եվ ամենակարևորը, ըստ Դավիթ Շահնազարյանի, ՀՀ վարչապետը, նայելով արցախցիների աչքերի մեջ, ինչպես ինքն է ասում, պետք է հայտարարի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչը բազմիցս հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հաշվի առնելով այն, որ Արցախում տեղի են ունենում հայտնի գործընթացներ, որոնք սպառնում են Արցախի ներքաղաքական կայունությանը, ճիշտ կլինի, որ վարչապետը դատապարտի նմանօրինակ գործընթացները և հայտարարի, որ բոլոր այն գործողությունները, որոնք միտված են հասնելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնանկությանը, որևէ հավանության չեն արժանանում Հայաստանի իշխանությունների կողմից, և որ ինքը խստորեն դատապարտում է բոլոր նման զարգացումները:

«Եթե վերը նշված դրույթներից որևէ մեկը օգոստոսի 5-ի իր ելույթում չհայտարարի, դա կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը թե բանակցային գործընթացում, թե Արցախի իշխանությունների հանդեպ, և իրենք էլ, մեղմ ասած, դեմ չեն Արցախում ներքաղաքական ապակայունացմանը և նույնիսկ ուղղորդում են այդ ծրագրերը»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ