02 08 2019

Քոչարյանի «պատճառով» Փաշինյանի պլանը հօդս է ցնդում․ Politik.am

Քոչարյանի «պատճառով» Փաշինյանի պլանը հօդս է ցնդում․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։

Փաշինյանն ասաց, որ առիթն օգտագործելու է՝  ավելի լայն օրակարգով խոսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարցերի վերաբերյալ, համազգային միասնության և այլ թեմաներով։ Վարչապետն ասաց, որ մինչև հիմա առիթ չէր ունեցել այդ ֆորմատով շփվել արցախցիների հետ, և վստահ է, որ այդ օրը նրանց աչքերի մեջ նայելով՝ կարողանալու է փոխանցել իր ասելիքը։

Վարչապետ Փաշինյանի համազգային միասնության պլանները խառնում է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա արդեն շատերի համար է հասկանալի, որ «Մարտի 1»-ի գործը փլվել է, ու իշխանությունները չեն կարողանում ապացուցել այն մեղքը, որը դրվել է նախագահ Քոչարյանի վրա, և միայն ակնհայտ ապօրինի որոշումներով են նրան պահում անազատության մեջ։  

Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ բացահայտվի «Մարտի 1»-ը,  և հասարակությունը հասկանա, թե ինչ է կատարվել իրականում, բայց այդ բացահայտումը չի կարող վստահություն ներշնչել, եթե այն կատարվել է քաղաքական իշխանության կողմից մեղավորներ նշանակելուց հետո։ Ըստ էության՝  իրավապահ համակարգը միայն Փաշինյանի վաղօրոք ասված ցանկություն է թղթին հանձնում։ Սա է այսօր տպավորությունը Քոչարյանի դեմ իրականացվող պրոցեսներից։

Հ․Գ․ Եվ հիմա առնվազն տարօրինակ է լինելու Արցախում Համահայկական խաղերի ժամանակ խոսել միասնությունից այն պարագայում, երբ հրապարակում գտնվող բոլորին պարզ է, որ Արցախի անկախության, հաղթանակի և միասնության առաջամարտիկը, Համահայկական խաղերի հիմնադիր, պատերազմող Արցախի ՊՊԿ նախագահը, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը այդ պահին նույն Փաշինյանի կամքով և ջանքերով գտնվում է անազատության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ