ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։ Այս մասին «Ռիա նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ դատավորի աշխատասենյակում խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։
«Այդ իրադարձությունը, բնականաբար, շատ հարցեր է առաջ քաշում, որովհետև խուզարկություն է եղել այն դատավորի աշխատասենյակում, որը քննում է «Մարտի 1»-ի գործը և Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Սողոմոնյանը։
Նա նշել է, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, չի ուզում պնդել, թե ինչքանով դա ունի քաղաքական դրդապատճառ։ «Բայց, իմ հայացքով, միանշանակ դրդապատճառներ կան։ Ես չեմ հիշում դեպք, որ այս ամբողջ ժամանակահատվածում նմանատիպ գործողություն իրականացված լինի որևէ այլ դատավորի նկատմամբ»,- ասել է Վ. Սողոմոնյանը։
Նա նշել է, որ նաև չի հիշում դեպք, երբ ուսումնասիրեին այլ դատավորի թեկնածուական ատենախոսություն՝ կապված գրագողության հետ, ինչպես օրինակ, Ալեքսանդր Ազարյանի, որը նույնպես անցած տարվա օգոստոսին որոշում էր կայացնել կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։
«Այս ամենը չի կարող հարցեր չառաջացնել և համատեքստից առայժմ երևում է, որ մենք իրավապահ մարմինների գործողություններում գործ ունենք քաղաքական դրդապատճառի հետ։ Սպասենք դեպքերի զարգացմանը, որպեսզի անենք վերջնական եզրակացություններ»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը