Թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ունի բավարար կարողություններ՝ երկիրը կառավարելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկոյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե քննադատություն կա անփորձ պատգամավորների և կադրերի առումով կան, Փաշինյանը պատասխանեց. «Փորձառու կադրերը չե՞ն ՀՀ-ն հասցրել այդ վիճակին: Ինչի՞ մեջ փորձառու: Այն, ինչ մենք ուզում ենք անել... մեզնից առաջ բազմաթիվ փորձառու հեղափոխականներ չկարողացան հեղափոխություն անել, հիմա կա երիտասարդ թիմ: 25 տարին լրացած ցանկացած քաղաքացի կարող է լինել ԱԺ պատգամավոր, նախարար և այլն: Մեզնից առաջ տեսեք, թե ինչ կարկառուն հեղափոխականներ են եղել, ովքեր փորձել են իշխանափոխություն անել, բայց չեն կարողացել: Իսկ երիտասարդների թիմն արեց այն: Իդեալականացման փորձերը չեմ ընդունում, բոլորս թերություններ ունենք, սխալական ենք, խնդիրն այն է՝ նվիրվա՞ծ ենք գաղափարին, թե ոչ: Ես ինքս ինձնից գոհ չեմ: Դա նշանակում է, որ ուրիշ ոչ մեկից չեմ կարող գոհ լինել: Նրանք, ովքեր ինձ հետ աշխատել են, գիտեն, որ ես երբեք գոհ չեմ լինում: Դա երբեմն դեմոտիվացնում է մարդկանց, փորձում եմ հաղթահարել ու արտահայտում եմ իմ գոհունակությունը, բայց, ընդհանուր առմամբ, ես ինձնից գոհ չեմ»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը