08 07 2019

Վրացական եթերում հայհոյել են Պուտինին



«Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» ծրագրի հաղորդավարը եթերում խիստ վիրավորել և հայհոյել է ՌԴ նախագահին։ Նրա այս քայլը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել երկրում։ Բողոքողները նշում են, որ այսպիսով ՌԴ հետ հարաբերությունները կարող են ավելի սրվել։  Դեպքից հետո հեռուստաալիքը դադարեցրել էր իր հեռարձակումը՝ ավելի ուշ վերսկսելով այն։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Մի քանի հարյուր քաղաքացիներ հավաքվել են «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով  աշխատանքից ազատել հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային։  Բողոքի ակցիայի մասնակիցները ձվեր և շշեր են նետել շենքի ուղղությամբ:

Հեռուստաընկերությունն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն է տարածել, որով ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար:  Գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, չնայած կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 

Քննադատությամբ են հանդես եկել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳՆ-ն։ 

«Վրաստանի նախագահը քննադատում է ատելության սերմանումը, բանավոր ագրեսիան, վիրավորանքներն ու սադրիչ հայտարարությունները, որոնք արվել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքով…»,- գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան էջում։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Գերոգի Գաբունիայի ցենզուրայից դուրս հայտարարությունները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, սադրանք են և միտված են երկրում անկայունություն ստեղծելուն:

«Այն, ինչ տեսանք, զզվելի սադրանք է և փորձ՝ ապակայունացնելու մեր երկրի դրությունը: Սա անընդունելի է», -գրել է Բախտաձեն թվիթերյան իր էջում։

Ուշադրություն․ Տեսանյութը պարունակում է հայհոյանքներ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ