Մենք սերտ համագործակցության մեջ ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ցանկացած հանդիպումից առաջ և հետո երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են ունենում:
«Մենք մշտապես կարևորել ենք Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, և այն մեր օրակարգային հարցերից է: Ուրախալի է, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի ակտիվ են այդ հարցն առաջ տանում, և համոզված եմ, որ այն կունենա իր դրական արդյունքները»,-ավելացրել է Մ. Մայիլյանը:
Խոսելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման մասին՝ Մ. Մայիլյանը մասնավորապես ասել է. «Տարածքային ամբողջականության վերակամնգնումը մեր առաջնահերթություններից է. չէ-որ Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Մենք ժամանակ առ ժամանակ այդ հարցը բարձրաձայնելու ենք՝ հանրային հնչեղություն տալու համար: Թող ոչ ոք չմտածի, որ իրենց տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան Արցախինը: Մենք հետամուտ ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: Եթե որոշ մարդկկանց համար դա տարածք է, մեզ համար այն հայրենիք է, որն ամրագրված է ԱՀ Սահմանադրության մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը