04 07 2019

Արթուր Ղազինյանն Արցախին առնչվող բանաձևի հարցով դիմել է ԱՄՆ սենատորին

Արթուր Ղազինյանն Արցախին առնչվող բանաձևի հարցով դիմել է ԱՄՆ սենատորին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է.

«Շնորհավորում եմ Ամերիկյան ազգին անկախության տոնի առթիվ:

Կարծում եմ, որ հուլիսի 4-ը տոն է ոչ միայն Ամերիկայի ժողովրդի, այլ նաև ողջ ազատ աշխարհի համար, և հատկապես, այն բոլոր ազգերի ու ժողովուրդների, որոնք մարտնչել են հանուն ազատության և անկախության` անցնելով մաքառման դժվարին և երկար ճանապարհ: Հայ ժողովուրդն, անտարակույս, պատկանում է այդ ժողովուրդների թվին:Մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ կայուն և հետևողական զարգացող հարաբերությունները և այս իմաստով, որպես «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, չեմ կարող սահմանափակվել միայն բարեմաղթանքներով, այլ հարկ եմ համարում կոնկրետ նախաձեռնություններով և գործողություններով նպաստել հայ-ամերիկայն հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Այս առաքելության շրջանակներում օրերս նամակով պաշտոնապես դիմել եմ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելլին` խնդրելով և պահանջելով նախաձեռնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ քննարկումները ԱՄՆ Սենատում:Հիշեցնեմ, որ այս բանաձևն արգելում էր ԱՄՆ գործադիր իշխանությանը «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում որևէ աջակցություն տրամադրել Ադրբեջանին` Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորած ագրեսիայի և բռնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակաօրինական շրջափակման պատճառով: 907 բանաձևը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականության զսպման և Արցախի ժողովրդի կողմից իր գոյության և իր պատմական հայրենիքում խաղաղ կենսագործունեության երաշխավորման համար:Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ  չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ Կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ:

Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համար կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք, ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն:

Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից:Լիահույս եմ, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի պահի լրջությունը, Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգ, հատկապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում:Նամակի պատասխանը ստանալուն պես հանրությանը կտեղեկացնեմ դրա բովանդակության մասին»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ