168.am-ը գրում է.
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կառույցներում առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չբացառեց, որ e-draft միասնական կայքում հրապարակված հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ նախագիծը, հնարավոր է, հանդիսանա իր ղեկավարած կառույցի փակման առիթ:
Նշենք, որ քաղաքական որոշման համաձայն՝ նախատեսվում է ստեղծել նոր հակակոռուպցիոն մարմն, որը կզբաղվի նաև վեթթինգի հարցերով: Փաստորեն տևական ժամանակ մամուլի այն հրապարակումները, որ ՔՊ ներսում և ընդհանրապես ներիշխանական կուլիսներում բավականին լարված վիճակ է, և երկատված բևեռներ կան, ճշմարտության տարրեր է պարունակում: Սրա մասին են վկայում նախօրեին Սասուն Միքայելյանի հնչեցրած քննադատական մեսիջները:
Հավելենք, որ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։ Ոմանք սրա մեջ տեսնում են այն գաղափարի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։
Փաստենք հետևյալը. տևական ժամանակ հայաստանյան լրատվականներում շրջանառվում է այն թեզը, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններում առանցքային դերակատրություն է ունեցել ՀՀ-ում գործող Սորոսի հիմնադրամը, իսկ երբ արդեն Փաշինյանի թիմը եկավ իշխանության, սորոսականներն իշխանությունից՝ ավելի կոնկրետ Փաշինյանից, կորնկրետ պահանջեցին իշխանության իրենց «փայը»: Ինչի արդյունքում ՊՎԾ պետ նշանակվեց այդ հիմնադրամի հետ ասոցացվող Դավիթ Սանասարյանը, մի շարք հ/կ սեկտորի ներկայացուցիչներ դարձան ԱԺ պատգամավորներ, իսկ Խաչատրյանը՝ ՀՔԾ պետ:
ՀՔԾ շուրջ ընթացող այս գործընթացը ապացացում է, որ Խաչատրյանը փաստացի ձախողել է ոլորտը, չի կարողացել պատշաճ կազմակերպել կառույցի բնականոն աշխատանքը և մի շարք գործերի հետ կապված լրացուցիչ խնդիրներ է ստեղծել իշխանությունների համար՝ ոչ հիմնավոր գործեր վարելով և արհեստական գործեր կարելով: Նման իրավիճակից դուրս գալու համար քաղաքական որոշմամբ ստանձնում են կառույցի ամբողջական փակմանը, որպեսզի մաքրեն հետքերը:
Ակնհայտ է, որ հեղափոխության թիմում տեղի են ունենում լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ ու իշխանությունից հեռացվում են որոշ պաշտոնյաներ՝ դա ակնհայտ էր դեռ Դավիթ Սանասարյանի անձի շուրջ տեղի ունեցած սկանդալից հետո, երբ հեղափոխական հարթակի ազդեցիկ գործիչներից մեկն, ըստ էության, հեռացվեց իշխանությունից։ Իհարկե, Սանասարյանին Փաշինյանի «ընկերը» կամ «մերձավորը» չես համարի, սակայն նա 2018-ի գարնանը տեղի ունեցոծ գործընթացների առանցքային դերակատարներից մեկն էր։ Ստացվում է այնպես, որ Սանասարյանից հետո Խաչատրյանը երկրորդ «խոշոր ձուկն» է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ից հայտնում են, որ Սանսարյանի քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ նա, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Այս քայլը նաև մի յուրահատուկ մեթոդ ու լավ առիթ է, որպեսզի իշխանությունները վերջնականապես ազատվեն «սորոսոյան շղարշից»: Սա մի տեսակ յուրահատուկ ներիշխանական վեթթինգ է հիշեցնում, երբ ռիսկային և հետագայում գլխացավանք առաջացնող կերպարներից կազմակերպված ազատման գործընթաց է սկսվել: Այստեղ տեղին է հիշել դասականին՝ «հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը