Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Rusarminfo-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության խնդրին՝ նշելով, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների սուբյեկտ։
«Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար անհրաժեշտ է ջանք գործադրել այդ տարածքի ինքնիշխանացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շեղում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված չլուծված իրավիճակը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է առանցքային բանակցային ձևաչափը լինի, որովհետև Մինսկի խմբի շրջանակում, բացի ՌԴ-ից, ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ , որ հարցը լուծվի՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը։ Առանցքային առաջարկը, որը փորձ է արվում առաջ տանել Մինսկի խմբի միջոցով, խաղաղապահների տեղակայումն է, որպեսզի հետո այնտեղ տեղակայվեն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Որքանով տեղյակ եմ, Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշումանն է, որ նման բան չի կարելի թույլ տալ»,- նշել է նա:
Լեպյոխինի կարծիքով՝ անհրաժեշտ է բանակցային այլ ձևաչափ ստեղծել` հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխությունները: Նրա կարծիքով՝ ԼՂ հարցի կարգավորումը պետք է դիտարկել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջնորդության ներքո, քանի որ այժմ տարածաշրջանում կայունությունը կախված է այդ երկրներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը