01 07 2019

Սիլվա Համբարձումյան․ «խոշոր գործարարի» տարիներով կուտակած «մանր» պարտքերը

Սիլվա Համբարձումյան․ «խոշոր գործարարի» տարիներով կուտակած «մանր» պարտքերը

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ինչպես գրեթե ամեն ինչ և ամեն ոք, իշխանափոխությունից հետո «վերաարժևորման» ենթարկվեց: Նա սկզբում փորձեց տեղավորվել նախկին իշխանությունների կողմից կեղեքված, ճնշված գործարարի կերպարում, որը իշխանափոխությունից հետո հայրենասիրության մղումով հետ է վերադարձել հայրենիք, իսկ մի փոքր ուշ, արդեն, Սիլվա Համբարձումյանը «նոր Հայաստանում» դարձավ ամենից ամենա կաշառատուի սիմվոլ:

Սկզբում սկսեց աջ ու ձախ հայտարարել, որ բոլոր հնարավոր և անհնար պաշտոնյաներին իր անհաշվելի միլիոններից կաշառք է բաժանել իր գործերին չմիջամտելու, երբեմն նաև դրանց նպաստելու համար, կամ էլ որպես ի սրտե շնորհակալության խոսք: Նա նախաքննական մարմինների շտապ օգնությունն է․ եթե որևէ մեկի վրա այլ գործ հարուցելու կամ կալանք տալու համար չկա բավարար փաստեր, վրա է հասնում մեծն կաշառատուն, թե՝ այսքան գումար եմ տվել:

Ինքն իր խոսքերը հերքող կամ հակասող ցուցմունքներից բացի ամենապարադոքսալն այս պատմության մեջ այն է, թե եթե իրեն մշտապես նեղել են, ինչպե՞ս է միլիոններ կուտակել։ Եվ երկրորդը․ եթե նա միլիոնավոր կարողություն ունի, որն անխնա որպես կաշառք բաժանում է հավաքարարից մինչև նախագահ, ապա այդ ինչպե՞ս է, որ անգամ 10 հազար դրամ պարտքը չի վճարում։

Datalex.am-ում Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը գրելով՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Ըստ դատարանի՝ 2009 թվականի կայացրած որոշման՝ հօգուտ ՀՀ Ծաղկաձորի քաղաքային համայնքի Սիլվա Համբարձումյանից բռնագանձվել է 383.233 դրամ գումար, որը ներառում է 1998 թվականից հաջորդող մի քանի տարիների համար չկատարած պարտավորություններ, օրինակ՝ գույքահարկի: Այսպես, օրինակ 1998-ին նա չի վճարել 13.725 դրամ, 2004-ին՝ 10 հազար դրամ, 2008-ին՝ 42. 659 դրամ:

Ստացվում է՝ միլիոնատեր տիկինը այն ժամանակ, երբ, իր խոսքերով, նախագահին որպես լավություն միլիոնավոր դոլարներ էր տալիս, 42 հազար դրամ չուներ գույքահարկը վճարելու համար։ Ընդ որում այնքան չի վճարել որ հարցը հասել է դատական ատյաններ։

Նույն տեղեկատվական համակարգում երևում է նաև, թե ինչպես մի դեպքում մի քանի միլիոն դրամի վարձավճար չի վճարել, մեկ այլ դեպքում՝ ոստիկանական պահպանության համար 300 հազար դրամ գումար կամ 660 հազար դրամ գազի պարտք, որը 2017 թվականի դատական վճռով ստիպված էր վճարել։

Ընդունենք, որ ստացվում է ուշագրավ, բայց տարօրինակ պատկեր՝ «գազի» փող չի ունեցել, բայց խոշոր գործարար է եղել ու կաշաքներ տվել միլիոնավոր դոլարների՞։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ