Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը