19 06 2019

Վարչապետ Փաշինյանը պատրաստ չէ կատարել ընդդիմադիր Փաշինյանի պահանջը

Վարչապետ Փաշինյանը պատրաստ չէ կատարել ընդդիմադիր Փաշինյանի պահանջը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հիշեցրեց, որ տարիներ շարունակ նա պնդում էր՝ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի  կառավարման վերահսկիչ գործառույթները, արդյո՞ք այժմ վարչապետը պատրաստ է ՊՎԾ և Հաշվեքննիչ պալատը փոխանցել ընդդիմության կառավարմանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը ասաց, թե չի հիշում, որ երբևէ խորհրդարանում ասած լինի, թե ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության կա, քանի որ միշտ էլ համարել է, որ ընդդիմությունը վերահսկողական բոլոր լծակներն ունի, ու դրա համար պետք չէ, որ ինչ-որ կարգավիճակ ունենա:

«Տեսեք, թե ինչ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականի և օգնականի ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, արժե՞  այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները լինեն ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հաշվեքննիչ պալատն  անկախ մարմին պետք է լինի և իր փիլիսոփայությունը հենց անկախ լինելու մեջ է։

Վարչապետը նաև նշեց, որ ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով հնարավորություն ունի վերցնել այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդն ուզում է օժտել իրեն: Եվ այդ մեխանիզմի գործադրմամբ ընդդիմությունը տարբեր ընտրություններում, այդ թվում ՏԻՄ ընտրություններում լծակներ ունենալու և բալանս ապահովելու հնարավորություն ունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ