17 06 2019

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ստում է և խուսափում պատասխանից

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ստում է և խուսափում պատասխանից

Մինչ մենք սպասում ենք, որ Քննչական կոմիտեն Yerevan Today-ում խուզարկությունից գոնե 9 ամիս անց հանդես կգա հայտարարությամբ, թե ինչ արդյունք ունեն և առնվազն ներողություն կխնդրի պատճառած վնասների համար, պարզվում է, որ Քննչական Կոմիտեի վերաբերյալ մեր պատկերացումները շատ ավելի քաղաքակիրթ են, քան այդ կառույցն իրականում կա։

Yerevan Today-ի լրագրողը երբ հունիսի 10-ին փորձում է ՔԿ նախագահից ճշտել մեր կայքում խուզարկության արդյունքը, Հայկ Գրիգորյանը պատասխանում է

«Yerevan Today»-ի 14 համակարգչից առգրավվել է ընդամենը 3 հիշողության սարք և մեկ պրոցեսոր, որը որ դեկտեմբերին Yerevan Today կայքի խնդրանքով, փորձաքննությունը չավարտված պայմաններում, վերադարձվել է։ Փորձաքննությունը շարունակվում է, եզրակացությունը դեռ չի ստացվել»։

Քննչական կոմիտեի ղեկավարը ստում է։ Չգիտենք՝ տեղյակ չէ՞, թե ստում է միտումնավոր, բայց իրականությունն այսպիսին է․

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը 2018թ․ դեկտեմբերի 10-ին գրավոր հարցում է ուղարկել Քննչական Կոմիտե։ Պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։ Դեկտեմբերի 28-ին պատասխանել էր՝ փորձաքննության ավարտից մեկ օր անց։

Եթե փորձաքննությունն ավարտվել է դեկտեմբերի 27-ին, ինչպես նշել է ՔԿ ղեկավարի տեղակալը, ապա ինչո՞ւ է 6 ամիս անց Հայկ Գրիգորյանն ասում, թե դեռ չի ավարտվել։ Բացի այդ, Yerevan Today-ը քննչական կոմիտեին երբեք չենք խնդրել վերադարձնել համակարգիչները, այլ պահանջել է ու նաև պահանջել է ներողություն խնդրել ապօրինի գործողությունների համար։

Ի դեպ, տեխնիկան վերադարձնելը մեզ որևէ օգուտ չի տվել։ Մենք դրանք չենք օգտագործում և շարունակելու ենք այդպես պահել, քանի դեռ չունենք վերջնական պատասխան քննչական մարմնից։

Հարցազրույցում ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը երկու անգամ կրկնում է միտքը, թե գրասենյակում կար 14 համակարգիչ, որից առգրավվել է 3 հիշողության սարք և մեկ պրոցեսոր։

Իսկ ո՞վ է որոշում, թե մեր խմբագրությանը քանի համակարգիչ է պետք և որով պետք է աշխատենք։ Եթե կան կոնկրետ թվով համակարգիչներ, ուրեմն դրանք կոնկրետ բանի համար են, և որևէ համակարգչի բացակայություն, աշխատանքի վրա անդրադառնում է բացասաբար։ Իսկ Քննչական կոմիտեն տարել է միանգամից 4-ը։ Ի դեպ, հատուկ ՔԿ ղեկավարի համար նշենք, որ առանց հիշողության սարքերի և պրոցեսորի աշխատել հնարավոր չէ, և ուրեմն 3 հիշողության սարքի և մեկ պրոցեսորի առգրավումը նույնն է, թե առգրավել 4 համակարգիչ։

«Ոչ մի քննչական գործողության կատարում չի ակարող դիտվել խոչընդոտում և խնդրում եմ այս հարցով մի շահարկեք»,- մեր հաջորդ հարցին պատասխանում է Հայկ Գրիգորյանը։

Պնդում ենք, քննչական կոմիտեն խանգարել է մեր գործունեությունը, մենք զրկված ենք եղել թե՛ այդ օրը, թե՛ հետագա շաբաթներում պատշաճորեն աշխատելու հնարավորությունից։ Տեղական և դրսի կառույցները տարածել էին հայտարարություն այն մասին, որ նյութեր առգրավելու ՔԿ քայլը լրագրողական աղբյուրենրի գաղտնիության կոպտագույն ոտնահարում է, որը իրավական համարվող երկրներում ամրագրված է ՄԱԿ-ն մի շարք կոնվենցիաներով։

Քննչական կոմիտեն փաստացի առգրավել էր մեր աշխատանքային և արխիվային նյութերը, որոնք պարունակում են ինֆորմացիա, որոնք բոլորովին էլ Հայկ Գրիգորյանի համար չէին։ ՔԿ ղեկավարը, փաստորեն տեղյակ չէ, թե ինչ է նշանակում աղբյուրների գաղտնիություն և որքանով կարող է կարևոր լինել խմբագրության աշխատանքի մեջ։ Բերենք մեկ օրինակ․ Պատկերացրեք ՔԿ մի քանի քննիչների համակարգիչ և կոշտ սկավառակ հայտնվի, օրինակ, լրագրողի ձեռքում։ Պատկերացրեցի՞ք։ Հիմա ձեզ ասում են, հետ ենք տվել, էլ ի՞նչ եք ուզում, շարունակեք Ձեր գործը, մի շահարկեք․․․

Եվ ընդհանրապես, բաց է մնում հարցը, թե ինչու քննչական մարմինը չունի համապատասխան մասնագետ, որ խուզարկությունից հետո (թեկուզ և ապօրինի, ինչպես մեր պարագայում էր) ոչ թե համակարգիչները տանեն և ամբողջ արխիվը, այլ ընդամենը հնարավոր հետաքրքրող նյութերը։

Հարցին, թե ե՞րբ սպասենք պատասխանին և արդյո՞ք Քննչական կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե ինչ է հայտնաբերվել կամ չի հայտնաբերվել մեզանից առգրաված համակարգիչներում, Հայկ Գրիգորյանը պատասխանում է․ «Ես կարծում եմ, որ մի շարք շահարկումներ արդեն տեղի ունեցել են ու չեմ հասկանում այդ դրամատիզացիան ինչի համար է։ Կա քրեական գործ, քրեական գործի շրջանակներում գործին հետաքրքրող հանգամանքները պետք է բացահայտվեն, երբ կլինի փորձաքննության եզրակացություն, կորոշի փարձաքննություն իրականացնող փորձագետը»։

Ճշտող հարցին, թե՝ կլինի՞ հրապարակային հայտարարություն ՔԿ կողմից, պատասխանում է․ «Եթե նախաքննության գաղտնիութունն այդ եզրակացությամբ չի խախտվի, այո, հնարավոր է, որ լինի»։

Կայքի գլխավոր խմբագիրը սեպտեմբերի 17-ին՝ խուզարկության օրը, հայտարարել է, որ քննչական կոմիտեն ոչինչ չի գտնելու մեր համակարգիչներում, բայց հարց է՝ կունենա՞ այդքան տղամարդկություն՝ հայտարարելու, որ գործին առնչվող բան չեն գտել, լրատվամիջոցից էլ անհարկի անհարմարություն պատճառելու համար ներողություն խնդրի։

Չգտան, բայց տղամարդկություն, ինչպես երևում է, դեռևս չի բավականացնում։ Ինչպե՞ս հայտարարել, ի՞նչ հայտարարել, ասել, որ ոչինչ չե՞ն գտել, օպերատիվ աղբյուրները ֆե՞յք էին, ասել, որ Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումո՞վ են խուզարկություն և առգրավում արել՝ քննադատող լրատվամիջոցի աշխատանքները խափանելու և լռեցնելու համար։ Ակամա մտածում ես, եթե Փաշինյանը կարող է ցուցում տալ ԱԱԾ-ին, դատախազությանը, ՀՔԾ-ին, ուրեմն ինչո՞ւ չի կարող դա անել ՔԿ-ին։

Ինչ վերաբերում է գաղտնալսման գործին, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց․ «Պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել․․․»:

Ամիսներ անց ունենք կասկածներ, որ ոչ միայն ոչինչ չի բացահայտվի, այլ կկարճվի գործը, թեման էլ կջրվի, խուզարկության թեման էլ հետը։

Պարզապես պետք չէ, որ ՔԿ ղեկավարն աշխատանք անելու տպավորություն ստեղծի։ Ձեր միակ գործն այլևս մնացել է վարչապետի թույլ տված ապօրինությունները կոծկելը, հիմնավորումներ գտնելը։

Հ․Գ․ Հունիսի 6-ին ՌԴ մայրաքաղաքում ձերբակալվեց «Մեդուզա» լրատվական կայքի հետաքննող լրագրող Իվան Գոլունովը՝ թմրամիջոցների վաճառքի և տարածման կասկածանքով։ Ձերբակալման իրավաչափության և առհասարակ կասկացանքի անհեթեթության առումով մեդիա դաշտում այնպիսի աղմուկ բարձրացավ, որ 5 օր անց գործը կարճվեց՝ ՆԳՆ ղեկավարի ուղիղ հանձնարարությամբ, այնուհետ ՌԴ նախագահը 2 բարձրաստիճան ոստիկանի հեռացրեց զբաղեցրած պաշտոններից, որոնք պատասխանատու էին լրագրողի նկատմամբ ապօրինի գործողությունների համար։ Իվան Գոլունովը հայտնի է որպես հետաքննող և իշխանությանը քննադատող ամենից սկզբունքային լրագրողներից մեկը։ Ռուսաստանում հասկանում են որ մամուլին հնարավոր չէ ճնշել նման մեթոդներով, իրենց ենթականերին էլ թույլ չեն տալիս և խստագույնս պատժում են։

Իսկ մեզ մոտ կա՞ որևէ գիտակցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ